Ծեծի մեջ մեղադրվող` Թբիլիսիի նախկին քաղաքապետը հրաժարվում է համաներումից

Ձյուդոյիստի վրա հարձակման մեջ մեղադրվող` Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան հրաժարվում է  համաներումից. նա գտնում է, որ ինքը սադրանքի զոհ է և հանցագործություն չի արել:

Գործը վերաբերում է Թբիլիսիի օդանավակայանում 2019-ի դեկտեմբերին տեղի ունեցած միջադեպին: Ուգուլավան մեղադրվում է ձյուդոյիստ Բադրի Գավաշելիշվիլիին ծեծի ենթարկելու  մեջ: Ուգուլավայից բացի` մեղադրանք է առաջադրվել Գավաշելիշվիլիի ընկեր Դավիթ Պարկաձեին, որն իր հերթին մեղադրվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գոկա Գաբաշվիլիին ծեծելու մեջ:

Վիճաբանությունը սկսել է անձնագրային հսկիչ գոտում, երբ Ուգուլավան ու Գաբաշվիլին պատրաստվում էին Թբիլիսիից Լառնակա մեկնել: Նրանց խոսքով՝ իրենք չեն կարողացել դուրս գալ հսկիչ գոտուց,  քանի որ իրենց վրա  երկու անհայտ անձ է հարձակվել:

Հարցաքննությունների արդյունքում հետաքննությունը հանգել է  եզրակացության, որ ծեծի զոհ են Գաբաշվիլին և նրանցից մեկը, ում ընդդիմադիրները  մեղադրում են հարձակվելու  մեջ ՝ Գավաշելիշվիլին:

Գործը, որով  մեղադրվում է Ուգուլավան, 2021 –ի հունվարի համաներման տակ է ընկնում: Օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2020-ի դեկտեմբերի 11-ը:

Թբիլիսիի քաղաքային դատարանում  գործի քննության նիստի ընթացքում  Ուգուլավան ասել է, որ  գործը սադրանք է իր դեմ, և որ նա ոչ թե մեղադրյալ է, այլ տուժող:

Եթե ​​մեղքը հաստատվի, Ուգուլավային և երկրորդ մեղադրյալին սպառնում է տուգանք կամ հանրային օգտակար աշխատանք՝ 120-180  ժամ ժամկետով,  տնային կալանք՝ 6 ամսից մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում ՝ մինչեւ մեկ տարի: