Ճանաչե՛ք Հարավային Օսիան. Ալան Գագլոև

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիում նշվել է «հանրապետության հռչակման 35-ամյակը»։ Տեղի է ունեցել ռազմական շքերթ, որին մասնակցել են  օս և ռուս զինվորներ, նաև ցուցադրվել է ռազմական տեխնիկա։

Շքերթի ժամանակ ելույթ ունենալով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն կարդացել է Վլադիմիր Պուտինի ուղերձը, ըստ որի` «Ռուսաստանը կշարունակի Հարավային Օսիային տրամադրել ամեն հնարավոր օգնություն՝ ազգային անվտանգությունն ապահովելու, նաև սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ խնդիրները լուծելու համար»։

Շքերթից հետո տեղի է ունեցել «հանդիսավոր հավաք», որի ժամանակ օկուպացված Հարավային Օսիայի փաստացի նախագահ Ալան Գագլոևը դիմել է վրացական իշխանություններին.

«Մենք բացահայտ ասում ենք. ժամանակն է, որ Վրաստանում նրանք, ովքեր համարձակություն գտան ճանաչելու Սաակաշվիլիի պատասխանատվությունը Հարավային Օսիայի դեմ ագրեսիայի համար, անեն հաջորդ քայլը։ Ճանաչե՛ք Հարավային Օսիան։ Ոչ թե քաղաքականության համար։ Ապագայի համար։ Արդարության համար։ Որպեսզի Կովկասի բոլոր մարդիկ կարողանան ապրել խաղաղ երկնքի տակ»։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել է, որ պետք է ներողություն խնդրել օսերից 2008 թվականի պատերազմի համար։

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։

Վրաստանը և նրա միջազգային գործընկերները Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչում են որպես Վրաստանի տարածքներ, որոնք օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը։ Այս երկու տարածքները որպես անկախ պետություններ ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Սիրիան և Նաուրուն։