Էրդողանը հանդիպել է Թուրքիայում գտնվող վրացի փրկարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք, որտեղ վրացական փրկարարական խմբի անդամները տարբեր երկրների փրկարար ծառայությունների հետ համատեղ իրականացնում են երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական միջոցառումներ, փոխանցում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

ՆԳՆ տեղեկության համաձայն՝ Էրդողանն անձամբ հանդիպել է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթացել փրկարարական աշխատանքների ընթացքին։

Ըստ ՆԳՆ-ի՝ Թուրքիայի նախագահն անձամբ շնորհակալություն է հայտնել երկրաշարժի արդյունքների վերացման և փրկարարական աշխատանքներին ներգրավված փրկարարական խմբերին։

«Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում, թուրքական կողմի հետ համաձայնեցված, շարունակում են երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական աշխատանքները։

Վրաստանի վարչապետի որոշմամբ, Վրաստանի փրկարարական ջոկատը գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում»,- նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք. Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

Էրդողանի խոսքով՝ դա ամենաուժեղ երկրաշարժն էր 1939 թվականից ի վեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 41 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ։

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան. այնտեղ զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։