Ծոփ և Կղիզիլաջլո գյուղերում առաջին զանգը հնչել է նորակառույց դպրոցներում

Քվեմո Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Ծոփ գյուղում 2022-2023 ուսումնական տարին մեկնարկել է նորակառույց դպրոցում:

Ծոփ գյուղի միակ դպրոցում միաժամանակ սովորում են էթնիկ հայ և ադրբեջանցի աշակերտներ: Դպրոցը նախատեսված է մոտ 150 աշակերտի համար, թեև այս փուլում դպրոցում սովորում է 80 աշակերտ:

Դպրոցի բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, փոխնախարար Լիա Գիգաուրին, կրթության նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլին, Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Կախա Կոբերիձեն, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին և այլ պաշտոնյաներ:

Պետնախարար Ախվլեդիանին դիմելով աշակերտներին՝ մաղթել է հաջող ուսումնական տարի: Նա հատուկ ուշադրություն է դարձրել քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման գործընթացում որակյալ կրթության ապահովման կարևորությանը։

Քվեմո Քարթլիի Մառնեուլի քաղաքի կենտրոնական և տեղական իշխանության ներկայացուցիչները շնորհավորել են աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղի աշակերտները ևս վերականգնված դպրոցում են սկսել ուսումնական տարին:

Երկու գյուղերում էլ աշակերտների հետ միասին վերոնշյալ պաշտոնյաները տոնել են ուսումնական գործընթացի սկիզբը. հնչել է Վրաստանի օրհներգը, հանդիսավոր կերպով բարձրացվել է Վրաստանի դրոշը։

Նշենք, որ դպրոցների շինարարություն-վերականգնումն իրականացվել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից՝ Վրաստանի կառավարության ֆինանսավորմամբ։