Ծխախոտի գնման տարիքը պետք է հասցվի 21-ի. «Ծխախոտի վերահսկողության դաշինք»

«Ծխախոտի վերահսկողության դաշինք»-ի հաղորդագրության համաձայն՝ վերջին երեք տարվա ընթացքում էլեկտրոնային սիգարետների և տաքացվող ծխախոտի սպառման կտրուկ աճը դարձել է առանձնահատուկ մարտահրավեր։

Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության` բնակչության 75%-ը կողմ է փոփոխություններին, որոնք, ի թիվս այլոց, նախատեսում են ծխախոտ ձեռք բերելու տարիքի բարձրացում` 18 տարեկանից հասցնելով 21-ի, նաև փակ տարածքներում ծխելու կանոնների խախտման համար տուգանքների ավելացում և այլն։

«2025 թվականի Ծխախոտի օգտագործման համաշխարհային հետազոտության (GATS) համաձայն՝ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել. վերջին տասնամյակում ծխախոտի օգտագործումը 33%-ից նվազել է մինչև 24%։ Չնայած 9%-անոց անկմանը, այս ցուցանիշը դեռևս զգալիորեն գերազանցում է եվրոպական միջին մակարդակը։ Վերջին երեք տարվա ընթացքում հատկապես մտահոգիչ է դարձել էլեկտրոնային սիգարետների և տաքացվող ծխախոտի սպառման կտրուկ աճը։

Նշված պատկերը մտահոգիչ է, քանի որ Վրաստանի ռազմավարական նպատակն է ծխախոտի վերահսկողությունից անցնել դրա դադարեցման քաղաքականությանը, և մինչև 2040 թվականը դառնալ «ծխախոտից ազատ երկիր»։ Սա ենթադրում է բնակչության շրջանում ծխախոտի և նիկոտինի բոլոր այլընտրանքների օգտագործման կրճատում մինչև 5%-ից ցածր մակարդակ։ Այս քայլը կենսական նշանակություն ունի այն աղետալի ֆինանսական և ժողովրդագրական բեռը նվազեցնելու համար, որը կապված է վաղաժամ մահացության հետ (ծխախոտից հասցված վնասը 10 անգամ գերազանցում է արդյունաբերության ոլորտից բյուջեին վճարված հարկերը)»,- նշված է հաղորդագրության մեջ։