Թբիլիսին տրանսպորտային կոլապսի շեմին է

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները արդեն երկրորդ օրն է գործադուլ են հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը:

Կեսգիշերին քաղաքապետ Կախա Կալաձեի հետ մի քանի ժամ տևած հանդիպումը անարդյունք է ավարտվել: Կալաձեն ասել է, որ այս պահին բյուջեում բավարար գումար չկա, հարցը կարող է միայն վերանայվել 2019 թվականին: Ի նշան բողոքի հանդպման եկած մետրոպոլիտենի աշխատակիցների մի մասը լքել է դահլիճը։

«Որևէ համաձայնության չեկանք, միայն խոստացավ, որ այս հարցի շուրջ 2019 թվականին կխոսենք: Այդ պատճառով շարունակելու ենք գործադուլն ու հացադուլը, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել»,-հայտարարել է Թբիլիսիի մետրոյի աշխատակից Մերաբ Բիճիկաշվիլին:

Հիշեցնենք՝ քաղաքապետը դեռ երեկ, երբ Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները սկսել էին գործադուլը, խիստ քննադատել էր՝ նշելով, որ «թույլ չի տա, որպեսզի մայրաքաղաքի բնակչությունը տուժի շանտաժի և անհասկանալի վերջնագրերի պատճառով»:

Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի քաղաքը չհայտնվի տրանսպորտային կոլապսում։ Մետրոպոլիտենի գնացքավարների սկսած գործադուլի պատճառով քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում երեկվանից հավելյալ անվճար ավտոբուսներ է աշխատեցնում։

Թողնել պատասխան