Թբիլիսցի հաջողակ մարզիկների պարգևատրման արարողությունը տեղի կունենա վաղը

Թբիլիսցի հաջողությունների հասած մարզիկների պարգևատրման արարողությունը կկայանա հունվարի 23-ին:

Կառավարության նիստում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ 2018 թվականից ամեն տարի անցկացվող այդ միջոցառումը կարևորագույն ծրագրերից է, որը նպատակաուղղված է պրոֆեսիոնալ սպորտի խթանմանը և վաստակաշատ մարզիկների գնահատմանը: Այս տարի ծրագրի բյուջեն կազմում է 1 մլն 297 հազար լարի:

Թբիլիսիի քաղաքապետի տեղեկացմամբ՝ կպարգևատրվեն թբիլիսցի 236 մարզիկներ, որոնք առանձնահատուկ հաջողությունների են հասել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

«Մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն աջակցությունն է սպորտին ու դրա զարգացմանը։ Վրաստանի կառավարությունը վերջին տարիներին հաջողակ մարզիկների համար խրախուսման բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։ Այս ուղղությանը՝ առողջ ապրելակերպի ներդրմանը և հանրայնացմանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև մունիցիպալիտետում։ Ինքս իմ առօրյա կյանքով փորձում եմ օրինակ ծառայել ապագա սերունդներին և ևս մեկ անգամ ասել, թե որքան կարևոր է առողջ և սպորտային ապրելակերպը։ Դա առաջին հերթին օգտակար է մեր առողջության և կյանքի տևողության համար», — հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացնում այդ ուղղությամբ։

«Քաղաքապետարանն ակտիվորեն ներգրավված է սպորտի խրախուսման գործում՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտի զարգացման ուղղությամբ։ Մենք ունենք տարբեր նախագծեր, ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց համար միջոցներ են հատկացված։ Կարևոր ծրագրերից մեկը, որը ծառայում է պրոֆեսիոնալ սպորտի խրախուսմանը և վաստակաշատ մարզիկների մեծարմանը, հաջողակ թբիլիսցի մարզիկների պարգևատրման միջոցառումն է։ Մենք վաղը հնարավորություն կունենանք ևս մեկ անգամ պարգևատրելու նրանց», — ասել է Կախա Կալաձեն։

Քաղաքապետի տեղեկացմամբ՝ 2018 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ պարգևատրվել է 931 մարզիկ։