Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 10%-ով

Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը հուլիս ամսվա ընթացքում նվազել է 10 տոկոսով: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին:

Փոխնախարարի խոսքով այս տարի, սակայն, ակնկալվում էր 9-10 տոկոս աճ:

«Հուլիսին ուղևորահոսքերն այս երկու օդանավակայաններից պետք է կազմին 590 հազար, ինչի փոխարեն ունեցանք 485 հազար ուղևոր: Միայն հուլիսին Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանների ուղևորների հոսքը նվազել է 105 հազարով»,- ասել է փոխնախարարը:

Սագիրաշվիլին նաև տեղեկացրել է, որ 2019-ի 7 ամիսների ընթացքում ուղևորահոսքերի 18 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 12 տոկոս նվազում:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված հակառուսական ակցիաների ֆոնին Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան ավիափոխադրումները արգելված են։

Իսկ հակառուսական տրամադրությունները Վրաստանում առաջ եկան, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: