Թբիլիսիի գլխավոր տոնածառն այս տարի խորհրդարանի առջև չի տեղադրվի։
Տոնածառը տեղադրվելու է Հանրապետության հրապարակում։
Քաղաքապետարանի հրապարակած hաղորդագրության համաձայն՝ Ամանորի գիշերվա միջոցառումների համար կծախսվի 8 մլն 280 հազար լարի։
«2026 թվականի Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների կապակցությամբ, 2025 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ը, Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել «Նոր տարվա քաղաք» (զարդարանքներ քաղաքում) և անցկացնել բազմազան զվարճանքի հանդիսություններ և միջոցառումներ: «Նոր տարվա քաղաքը» կբացվի 2025 թվականի դեկտեմբերի 12-ին՝ կենտրոնական տոնածառի լուսավորման արարողությամբ։
Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում կտեղադրվեն տարբեր թեմատիկ զարդարանքներ, ծավալային ինստալյացիաներ, լուսանկարչական գոտիներ, զարդարված տաղավարներ և սեղաններ, կամարներ, զարդարված տոնածառեր, համապատասխան զարդարանքներով սառցադաշտ, փողոցների թեմատիկ զարդարանքներ, մանկական ցուցահանդեսային տաղավարներ, մշակութային, սպորտային և հանգստի տարածքներ, Ձմեռ պապի տուն և արհեստանոց: Կանցկացվի բացման միջոցառում, տարբեր ժանրային համերգներ, էլեկտրոնային կենդանի շոուներ, թատերական ներկայացումներ։
Կկազմակերպվեն բազմազան մշակութային, սպորտային, կրթական և մանկական զվարճանքի միջոցառումներ, բացօթյա կինոթատրոն, հեքիաթային հերոսների երթ, միջոցառման այցելուներին կդիմավորի Ձմեռ պապը։
Կկազմակերպվեն սննդի և ցուցահանդեսային տարածքներ, գաստրոնոմիկ գոտիներ, «Սուրբ Ծննդյան շուկա» և «Քաղցրավենիքի փառատոն»։
Ամանորի միջոցառումների շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի 31-ին կկայանա մեծ Ամանորյա գալա համերգ», — ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք. անցյալ տարի տոնածառի լուսավորության հանդիսավոր արարողությունը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով միջոցառումը չկայացավ։ Տոնածառը լուսավորվեց 2 օր անց՝ առանց որևէ արարողության։