EUMM-ի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին՝ թուլացնում է ՌԴ–ի ազդեցությունը տարածաշրջանում. կարծիքներ

Եվրամիության խորհուրդը որոշել է Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ ուղարկել Եվրամիության մոնիտորինգի մասնագետներ (EUMM)՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիտորինգի, վերլուծության և զեկույց պատրաստելու նպատակով, ինչը, ըստ վրացի վերլուծաբանների, թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում. դա լուրջ հաջողություն է։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը 2008 թվականի ռուսական ագրեսիայի զսպողն է, թեև մինչ այդ Աբխազիայում գործում էր ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն, որի մանդատը Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, արգելափակեց 2008 թվականից հետո։

Ըստ նրա, EUMM Georgia-ի մանդատը բավականին սահմանափակ է, և եթե մի կողմ դնենք աղմկահարույց խոսքերը, ապա հիմնականում ներառում է իրավիճակի մոնիտորինգ, ինչը նշանակում է, որ առաքելությունը օկուպացիայի վրա իրական ազդեցություն ունենալու որևէ լծակ չունի։

«Առաքելության մեկ այլ սահմանափակում էլ նրա միակողմանիությունն է, վերջինս կարող է մոնիտորինգ իրականացնել միայն Վրաստանի տարածքում։ Թեև առաքելության խնդիրներից մեկը հակամարտող կողմերի միջև վստահության վերականգնումն է, սակայն այդ խնդիրը նվազ իրագործելի է ռուսական օկուպացիայի և քարոզչության մշտական ​​տարափի պայմաններում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է Մելաշվիլին:

Ըստ նրա՝ հավանական է, որ առաքելության առաջադրանքները հայ-ադրբեջանական սահմանին նույնական լինեն, ինչը կլինի առաջին հերթին եվրոպական կառույցների և միջազգային հանրության մոնիտորինգն ու մշտադիտարկումը, թեև առաքելության լրացուցիչ ազդեցությունն ավելի կարևոր է, քան ուղղակի մանդատը: Նրա խոսքով, դա տարածաշրջանում արևմտյան ազդեցության ուժեղացման և ռուսական ազդեցության նվազման ցուցիչ է։

«Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ազդեցության նվազեցումը երկարաժամկետ գործընթաց է, սակայն այդ առաքելության ի հայտ գալը կարևոր գործոններից է։ Լրացուցիչ դրական փոփոխությունը կարող է ավելի զսպվածություն հաղորդել երկու կողմերին, եթե մինչ այժմ տարածաշրջանում չկար իսկապես չեզոք, օբյեկտիվ դիտորդ, ապա ԵՄ առաքելությունը կկատարի այդ գործառույթը»,- նկատում է Մելաշվիլին:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, այն փաստը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գտնվում է մեր տարածաշրջանի երեք երկրներում, լավ օրինակ է, թե ինչպես է ԵՄ-ն ապահովում Կովկասում խաղաղության հաստատումը։

Ըստ Զաքարեիշվիլիի, Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում 2020 թվականից թուլանում է, իսկ այսօր դա ավելի նկատելի է։

«Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է 2020 թվականից, հենց որ վերսկսվեց ղարաբաղյան պատերազմը։ Այն ժամանակ շատերը կասկածում էին դրան, իսկ հիմա մենք պետք է կույր ու խուլ լինենք, որ չտեսնենք:

«Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես է Եվրամիությունը ապահովում խաղաղության հաստատումը Կովկասում՝ սկզբում Վրաստանում, այժմ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչը նշանակում է, որ ընդգրկում է բոլոր երեք երկրները»,- ասել է կոնֆլիկտաբանը:

Նա նշել է, որ Վրաստանը պետք է անընդհատ խոսի Եվրամիության մոնիտորինգային առաքելության ուժեղացման և նույնիսկ որպես հնարավոր խաղաղապահ ուժ ստեղծելու մասին. գուցե այդպես չստացվի, բայց պետք է խոսել։ Նրա իսկ գնահատմամբ՝ այժմ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Եվրամիությունը զգուշավոր քաղաքականություն են վարում՝ այդպիսով աստիճանաբար անտեսելով Ռուսաստանին։

Եվրամիության խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանից Հայաստան-Ադրբեջան սահման է ուղարկվել ԵՄ մոնիտորինգի 40 մասնագետ։ Ըստ Խորհրդի, դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կրելու է ժամանակավոր բնույթ և երկու ամսից ավելի չի տևելու։