Ռուս-վրացական պատերազմի հետաքննություն. Բախտաձեն հանդիպել է Հաագայի դատախազին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Նյու-Յորքում հանդիպել է քրեական գործերով միջազգային դատարանի դատախազ Ֆատու Բենսուդաին: Հանդիպմանը, ինչպես տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, խոսվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմի հետաքննության մասին:

Հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատվել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը` ապագայում ևս շարունակել համագործակցել Հաագայի դատարանի և դատախազության գրասենյակի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Վերջինս հանդիպումից հետո խոսել է քննարկված հարցերի և ծրագրերի վերաբերյալ:

«Նշվեց, որ հոկտեմբերին դատարանը Վրաստանում կանցկացնի դատական ամենակարևոր միջազգային համաժողովը, ինչպես նաև, մենք համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրենք` դատապարտյալների փոխանակման ոլորտում»,- հայտարարել է Ծուլուկիանին: