Թբիլիսիի քաղաքային դատարանում ապրիլի 8-ին տեղի կունենա Նիկա Մելիայի դատավարությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակվել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ, ամբաստանյալ Նիկա Մելիայի դատավարությունը: Նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին:

Տարածված տեղեկությունների համաձայն, ապրիլի 8-ին հնարավոր է փոխվի դատախազության միջնորդությունն ու դատարանը վերանայի Նիկա Մելիայի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու հարցը:

Հիշեցնենք` Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` խմբակային բռնություն կազմակերպելու և մասնակցելու համար, որպես խափանման միջոց ՝ դատարանն ընտրեց 30.000 լարի գրավը: Նրան նաև էլեկտրոնային թևնոց անցկացվեց, որը Մելիան հանեց բողոքի ակցիայի ժամանակ: Խափանման միջոցի պայմանների խախտման պատճառով դատարանը Մելիային 40 հազար լարի գրավ նշանակեց:

Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 5-ին հայտարարեց, որ մեղադրյալ Նիկա Մելիան, ով գրավի տեսքով պետք է վճարեր 40 000 լարի, չի արել սահմանված ժամկետներում՝ մինչև դեկտեմբերի 24-ը, հնարավորություն ունի հավելյալ մեկ շաբաթվա ընթացքում վճարել գրավը: Մելիան նույն օրը հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել գրավն ու իրեն կալանավորել չի հաջողվի:Մ

Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:00-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն  է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: