Թբիլիսիի Օրբելիանիի շուկայում վաղը կմեկնարկի Սուրբ Զատիկի տոնավաճառը

Թբիլիսիի Օրբելիանիի շուկայում վաղը՝ ապրիլի 8-ին կսկսվի Սուրբ Զատիկի տոնավաճառը։ 

Նշվում է, որ տոնավաճառը կգործի մինչև ապրիլի 24-ը։ Ապրանքների տեսականին ժամանակ առ ժամանակ կփոխվի։ 

Այս շաբաթ տոնավաճառում կներկայացվեն ձեռագործ և կերամիկական աշխատանքներ։ Ավելի ուշ Օրբելիանիի շուկան կառաջարկի վրացի ֆերմերների արտադրանքը՝ ձու, էնդրո (Վրաստանում ձվերը ներկելու համար օգտագործվող բույսի արմատներ), միս և շատ այլ գյուղական ապրանքներ, որոնք անհրաժեշտ են տոնին պատրաստվելու համար։ 

Միջոցառման եզրափակիչ փուլը նվիրված է լինելու Զատկի խմորեղեններին։ Կազմակերպիչները խոստանում են, որ իրենց խոհարարները հյուրերին կուրախացնեն անհավանական համերով։ 

Նշենք, որ այս տարի Վրաստանում Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 24-ին։