Թբիլիսիում կայացավ Վրաստանի բարեփոխումներն ուսումնասիրող աշխատանքային 2-րդ հանդիպումը

Թբիլիսիում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է Վրաստանի բարեփոխումներն ուսումնասիրող աշխատանքային երկրորդ հանդիպումը:

Հանրային անվտանգության ոլորտի վրացական փորձին ծանոթացել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Երևանի ավագանու, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Հայաստանն ու Վրաստանը խորհրդային անցյալ ունեցող, նման երկրներ են, անկախացել են գրեթե միաժամանակ։ Հայաստանն իր բաղձալի հեղափոխությանը կարողացել է հասնել միայն անցյալ տարի, այսօր արդեն աչքի առաջ ունի վրացական հեղափոխության փորձը՝ ձերբերումներնով ու բացթողումներով։ Մենք ուսումնասիրում ենք, թե մեր հարևաններն ինչպես են ներքին և արտաքին անվտանգության ոլորտում հաջողությունների հասել՝ դիտարկելով նաև բարեփոխումների ոչ այնքան ցանկալի հետևանքները»,-ասում է հայաստանյան հեղափոխությունից հետո ԱԺ ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Մենք մանրամասն քննարկեցինք անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումները, դրանց հասնելու ճանապարհը՝ չշրջանցելով նաև բացթողումները։ Հայաստանում յուրաքանչյուր բարեփոխում անելիս պետք է մտածեն բնակչության անվտանգությունն ապահովելու մասին․ դա է փոփոխությունների նպատակը»,- «Ալիքի մեդիայի» հետ զրույցում ասում է սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեն։

Անցած տարիներին Վրաստանին հաջողվել է մի շարք ռեֆորմների թվում ամբողջությամբ բարեփոխել նաև ուժային համակարգը, ոստիկանական ու ազգային անվտանգության կառույցները։ Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է ճանապարհային ոստիկանությունից։ Դա ամենահաջողված փոփոխություններից է համարվում։ Ոստիկանն առանց կաշառքի, իր աշխատավարձով կարողանում է պահել ընտանիքը։

Վրաստանը բարեփոխումների ճանապարհին մշտապես օրակարգում է պահել նաև էներգետիկ ոլորտի անվտանգությունը։ Վրաստանի Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, Մաքքեյնի ինստիտուտի գիտաշխատող Բաթու Քութելիան Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է՝ Վրաստանն ազատվել է Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից․

«Կոռուպցիայի դեմ պայքար և դիվերսիֆիկացում․ այս երկու բաղադրիչների իրականացումը Վրաստանին հնարավորություն տվեց ունենալ Ռուսաստանից անկախ էներգետիկ համակարգ, որն այսօր անդառնալի է։ Թեև այն, ինչ Վրաստանի կառավարությունն այսօր անում է «Գազպրոմի» հետ, կարծում եմ, վտանգավոր է․ ռուսական կոռուպցիային՝ քայքայիչ ուժին, վերադարձ չկա»։

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով էներգետիկ ոլորտի անվտանգությունը մեկ օրվա աշխատանք չէ, սակայն Վրաստանին, ամեն դեպքում, հաջողվել է դիվերսիֆիկացնել իր գազամատակարարումները։ Ինչ վերաբերում է Հայաստանին․

«Ես կարծում եմ, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է ածխաջրածնային էներգետիկայի հարցում դիվերսիֆիկացիայի հասնի, մյուս կողմից էլ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, ունի ատոմային էներգետիկա։ Բացի այդ, Հայաստանում արդեն մի շարք ընկերություններ արևային էներգիա են սկսել արտադրել։ Ես կարծում եմ՝ ապագան մեծ հաշվով այդտեղ է․ աբսուրդ կլինի, եթե արևի երկիր Հայաստանը չօգտվի արևից։ Եւ դա կառավարության ծրագրում է»․

Վրաստանում թեև նշում են, որ անցած տարիներին ազատվել են Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, սակայն ընկել են Ադրբեջանից կախվածության մեջ։ Գործող իշխանությունները հայտարարել էին, որ ադրբեջանական մատակարարումներին այլընտրանք գտնելու համար բանակցություններ են վարում ռուսական «Գազպրոմի» հետ։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Թուգուշին կարծում է, որ այսօր ավելի լավ է կախված լինել ադրբեջանական գազից, քան ռուսական․

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը մեզ որևէ հարցում կթելադրի, կամ կխառնվի մեր գործերին: Մենք նորմալ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, ինչը չի ստացվում հյուսիսային հարևանի հետ։ Իսկ ռուսական գազը նշանակում է քաղաքականություն․․․»։

Ասում է Թուգուշին՝ խորհուրդ տալով Հայաստանի իշխանություններին տեղայնացնել վրացական անվտանգության ու տարբեր ոլորտներում հաջողված բարեփոխումներն ու դրանք անել արագ։

Հայաստանի ԱԺ-ի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ասում է, որ առանց երկմտելու ու հետ քայլերի պետք է առաջ գնալ՝ ուսումնասիրելով նաև այդ ճանապարհով արդեն անցած հարևանի փորձը․

«Կարևոր է հասկանալ Վրաստանի ոստիկանական, ազգային անվտանգության համակարգում անցկացված բարեփոխումները․ սրանք են այն հիմնական բարեփոխումները, որ բերում են երկրի ժողովրդավարացման զարգացմանը, որովհետև եթե այդ ուժային օղակները վերահսկողությունից դուրս են, ժողովրդավարությունը սկսում է կաղել»։

Ասում է Գեորգիսյանը՝ նկատելով, որ հետհեղափոխական Հայաստանը պետք է դասեր քաղի ինչպես նախորդ իշխանությունների, այնպես էլ հարևան Վրաստանի սխալներից։ «Ի վերջո խելացիները սովորում են ուրիշների սխալների վրա և ոչ թե կրկնում դրանք»։

Հիշեցնենք՝ Վրաստանի բարեփոխումներն ուսումնասիրող աշխատանքային առաջին հանդիպմանն ուսումնասիրվել են Վրաստանի արդարադատության համակարգի բարեփոխումները։