Թբիլիսիում մեկնարկել է 8-րդ բողոքի ակցիան. երթ դեպի Իվանիշվիլիի տուն

Այսօր Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեկնարկեց թվով 8-րդ բողոքի ցույցը: Ռուսթավելիի պողոտան փակ է, ակտիվիստները շարունակում են ելույթներում պահանջել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Նշենք՝ սա ցուցարարների 3 հիմնական պահանջներից վերջինն  է, որը շարունակում է անբավարար մնալ: Մյուս երկու պահանջները՝ համամասնական ընտրություններ 2020 թվականից և հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելն իշխանությունը բավարարել է:

Այսօր ցուցարարները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական  երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի տուն: Հարկ է նշել, որ մինչ այս բողոքի ցույցերի շրջանակներում ցուցարարները երթերով շարժվել են կառավարության շենք, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակ, ինչպես նաև ավտոերթով՝ դեպի Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր մասնաշենք: