«Թբիլիսոբա»-ն կնշվի ընտրություններից առաջ

Այս տարի «Թբիլիսոբա»-ն կնշվի ավանդականից ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-21-ին, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, որը նախատեսված է հոկտեմբերի 4-ին։ Ըստ հաղորդագրության` տոնը կնշվի Օրբելիանիի հրապարակում և Ռիկղեի այգում։ 

Տոնակատարության կազմակերպման համար քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ծախսել 3 միլիոն 439 հազար 500 լարի: Նույն տոնակատարության համար 2024 թ.-ին ևս  ծախսվել է 3,5 մլն լարի։ 

«Թբիլիսոբա»-ն աշնանային տոն է՝ նվիրված Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին և առնչվում է նաև բերքահավաքին։ Տոնը Թբիլիսիում նշվում է 1979 թվականից մինչ օրս։ 

Տոնակատարության համար նշված վայրերում կտեղակայվեն թեմատիկ զարդարանքներ, լուսանկարչական տարածքներ, ցուցահանդեսային տաղավարներ, մշակութային, սպորտային և հանգստի գոտիներ։ Կանցկացվեն տարբեր ժանրերի համերգներ և թատերական ներկայացումներ։ Կլինեն նաև քաղցրավենիքի, սննդի և գինու ցուցադրություններ։ 

Կանցկացվեն տոնական համերգ և Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն։