Թբիլիսյան շինհրապարակում քաղաքացին ընկել է փոսը

Թբիլիսիի Ծերեթելի պողոտայում միջին տարիքի տղամարդն ընկել է վերականգնման նպատակով փորված փոսերից մեկը:

Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության, փրկարար ծառայության և պարեկային ոստիկանության աշխատակիցները: Տուժած քաղաքացուն տեղափոխել են «Գերմանական հիվանդանոց»: Տեղեկությունների համաձայն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին տեսանյութը նախ տարածել է ֆեյսբուքյան «Իմ քաղաքը սպանում է ինձ» էջը: Ավելի ուշ՝ տեղեկությունը հաստատել են նաև Թբիլիսիի քաղաքապետարանից։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նույնպես մեկնաբանել է միջադեպը։ Նրա պարզաբանմամբ՝ նշված փոսը շրջափակված է եղել հատուկ թմբերով և պահպանվել են անվտանգության միջոցառումները։

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ հետաքննություն չի սկսվել։

Ի դեպ, Ծերեթելի պողոտայի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 19-ին։ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին ասել է, որ քաղաքի ամենաբանուկ պողոտաներից մեկի վերականգնումը կավարտվի հաջորդ տարվա հունվարին։