Թուրքիան միացավ PCR բացասական թեստով Վրաստան մուտք գործող երկրների շարքին

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ՝ Թուրքիան ներառվել  է այն երկրների ցանկում, որտեղից Վրաստան հնարավոր է այցելել PCR բացասական թեստի հիման  վրա:

«Վրաստան այցելելու հնարավորություն ունեցող երկրների շարքին ավելանում է նաև Թուրքիայի Հանրապետությլունը՝ մեր մեծ հարևանը: Այստեղից պարզեցված կարգով շատ այցելուներ ենք սպասում: Անհրաժեշտ կլինի սահմանը հատելու համար PCR բացասական թեստի արդյունք, իսկ երրորդ օրը նույն թեստը հանձնել արդեն Վրաստանում: Սա լավ հույս է ինչպես բիզնեսի, այնպես էլ զբոսաշրջության համար: Զբոսաշրջիկների մեծ աղբյուր միշտ եղել է մեր հարևան երկիրը, նրանք Վրաստանում նաև բավականին շատ բիզնեսներ ունեն»,- հայտարարել է Թուրնավան:

Հիշեցնենք՝ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն  COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը` հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR  թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։