Թվալճրելիձեի վրա ձերբակալվածների նկատմամբ բռնություն է կիրառվել. փաստաբան

Թվալճրելիձեի փողոցի վրա ձերբակալվածների փաստաբան Լաշա Տկղեշելաձեն պնդում է, որ նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, նաև վիրավորանքներ են հնչել։

Նրա խոսքով` ձերբակալված տղամարդկանց վիրավորել են` անվանելով «արքայադուստրեր»։

«Նրանց պաշտպանության իրավունքը սահմանափակվել է, քանի որ ՆԳՆ-ն մեզ չի ասել, թե ուր են տարել նրանց, ինչպես են տարել։ Հիմա ես վստահ եմ, որ նրանք կշարունակեն այդ արատավոր պրակտիկան և այդ մարդկանց 48 ժամ կպահեն մենախցում»։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի արվարձանային Սամգորիի շրջանի «Աֆրիկա» բնակավայրի Թվալճրելիձեի փողոցի բնակելի շենքից ոստիկանության աշխատակիցները երեկ տարհանել են տասնյակ ընտանիքների։

Տարհանված բնակիչներից շատերը գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։ Տեղացիների խոսքով՝ նրանք գնալու տեղ չունեն։ Առավոտյան  շտապօգնության մեքենա է ժամանել. գիշերը բաց երկնքի տակ անցկացրած տարհանվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխել է հիվանդանոց։

Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 17 մարդու, այդ թվում՝ ակտիվիստների։ Շենքի քանդման աշխատանքն ավարտվել է ուշ գիշերին։