Պահանջում են երկարացնել Ուկրաինայի քաղաքացիների առանց վիզայի մնալու ժամկետը

«Պատերազմից տուժած կանանց միջազգային կենտրոնը» Վրաստանի կառավարությանը խնդրել է մեկ տարով երկարացնել Վրաստանում գտնվելու ժամկետը Ուկրաինայի այն քաղաքացիների համար, որոնց առանց վիզայի մնալու իրավունքի մեկ տարին լրանում է վրացական օրենսդրությամբ։

«Ուկրաինայում պատերազմի սկսվելուց փաստացի մեկ տարի է անցել, ինչը նշանակում է, որ հազարավոր ուկրաինացիներ կանգնած են Վրաստանից հեռանալու վտանգի առաջ, մինչդեռ նրանք չեն կարող վերադառնալ իրենց երկիր»,- գրել է կազմակերպությունը։

«Պատերազմից տուժած կանանց միջազգային կենտրոնը» նույն խնդրանքով ստորագրահավաք է սկսել, և մի քանի ժամում հավաքվել է 2 000 ստորագրություն։

Ի դեպ, փետրվարի 24-ին լրանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմի սանձազերծման մեկ տարին։ Պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայի որոշ քաղաքացիներ ապաստանել են Վրաստանում։ Վրաստանի կառավարության 2015 թվականի որոշման համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիները Վրաստանում առանց վիզայի կարող են մնալ մեկ տարի։