Վրաստանում ՀՀ դեսպանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Դեսպանի ուղերձը ներկայացնում ենք անփոփոխ.

«Սիրելի հայրենակիցներ և եղբայրական վրաց ժողովուրդ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մերձավորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հղելով իմ ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:

Յուրաքանչյուր տարեվերջ կարծեք ազդարարում է կյանքի որոշակի շրջափուլի պայմանական ավարտ և ակամայից հուշում յուրաքանչյուրին՝ հետադարձ հայացք նետել և գնահատել այդ շրջափուլի ընթացքում արձանագրված հաջողությունները, ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը՝ լավատեսությամբ նախանշելով գալիք տարվա սպասումներն ու նախաձեռնությունները:

Անցնող տարին, հիրավի, խորհրդանշական էր. երկու երկրների մայրաքաղաքներում պաշտոնապես նշվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի անխոս առհավատչյան է հայ և վրաց եղբայրական ժողովուրդների անկոտրում դարավոր բարեկամությունը: Վերը ասվածի յուրատիպ խորհրդանիշ դարձավ նաև 2022թ. երկու երկրների վարչապետների մասնակցությամբ Բագրատաշեն-Սադախլո հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկումը:

Նախորդ տարին ուղեկցվեց նաև բարձր մակարդակի ակտիվ շփումներով, երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների միջև փոխադարձ այցելություններով ու տարաբնույթ միջոցառումներով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել և նախանշել բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստան-Վրաստան առանձնահատուկ հարաբերությունների առավել ամրապնդմանը, երկկողմ գործակցության օրակարգի հարստացմանը՝ միաժամանակ ամուր հիմք ստեղծելով երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Կրկին շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, խաղաղություն, առողջություն և արևշատություն մաղթում բոլորիդ ընտանիքներին, և թող եկող տարին լինի վերելքների, նվաճումների ու նորանոր հաջողությունների տարի՝ ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների»։