TI-ն՝ ՏԻՄ ընտրությունները չդիտարկելու մասին

Transparency International Georgia (TI) կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց 25-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամն է, որ կազմակերպությանը զրկում են ընտրությունները դիտարկելու հնարավորությունից։

Ըստ կազմակերպության՝ սա պայմանավորված է վրացական քաղաքացիական հասարակության հանդեպ «Վրացական երազանք»-ի կառավարության ստեղծած ռեպրեսիվ միջավայրով։

«ՏԻՄ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի հոկտեմբերի 4-ին: Transparency International Georgia-ն (TI) դիտարկել է երկրում անցկացված բոլոր ընտրությունները, և մենք հիմք ենք դրել աննախադեպ մեծ դիտորդական առաքելության 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների համար: 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները կլինեն առաջին դեպքը իր 25-ամյա պատմության մեջ, երբ կազմակերպությունը զրկվել է այս հնարավորությունից։

Դրա պատճառը, նախևառաջ, «Վրացական երազանք»-ի կառավարության ստեղծած ռեպրեսիվ միջավայրն է վրացական քաղաքացիական հասարակության համար: Ինչպես հայտնի է, ընդունվել են մի քանի օրենքներ, որոնք անհնար են դարձնում վրացական ՀԿ-ների գործունեությունը և սպառնում են մեզ տուգանքներով և քրեական հետապնդմամբ: Այսօր Transparency International Georgia-ն գտնվում է Իվանիշվիլիի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի երկու մոնիթորինգային առաքելության ներքո, և կազմակերպության ղեկավարը հետաքննության տակ է «դիմակների գործով»: Վրացական ՀԿ-ները մշտական ​​թիրախն են կառավարական լրատվամիջոցների ապատեղեկատվական արշավների և բարձրաստիճան պաշտոնյաների բանավոր հարձակումների»,- գրել է կազմակերպությունը։

Ըստ ՀԿ-ի՝ որպեսզի ընտրությունները համարվեն արդար և ազատ, անհրաժեշտ է պահպանել ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթղթում (1990թ.) ամրագրված ինը սկզբունքները, որոնք ներառում են համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի, գաղտնի քվեարկության, քվեարկության և արդյունքների արդար, հրապարակային հաշվարկի հիման վրա պարբերաբար ազատ ընտրությունների անցկացումը, քաղաքացիների իրավունքը՝ զբաղեցնելու պաշտոններ, կազմելու կուսակցություններ և մասնակցելու ընտրություններին օրենքի առջև հավասար հիմունքներով, ազատ ընտրարշավ` պաշտպանված վարչական միջամտությունից, սպառնալիքներից և խտրական լրատվական միջավայրից, որից հետո ընտրված թեկնածուները կկարողանան իրականացնել իրենց լիազորություններն առանց խոչընդոտների։ Վերոնշյալ սկզբունքները պաշտպանելու համար փաստաթուղթն ընդգծում է տեղական և միջազգային դիտորդների կարևոր դերը։

«Վրաստանի համատեքստում քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների և լրատվական միջավայրի ազատությունը կարևոր դեր են խաղում թվարկված սկզբունքների պաշտպանության գործում։ Հնարավոր քաղաքական մրցակիցներին վարկաբեկելը և ընդդիմադիր կուսակցությունների անդամներին բանտարկելը բնորոշ չեն ազատ ընտրություններին։ Մենք ականատես ենք լինում մի միջավայրի, որը «Վրացական երազանք»-ը ստեղծել է՝ զավթելով պետական ​​ինստիտուտները, ինչը բացառում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացումը։

Հետևաբար, մեր կազմակերպությունն անհնար է համարում 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկումը»,- գրել է TI-ն։