ՏԻՄ ընտրությունները մայրաքաղաքում. ի՞նչ ակնկալել

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում կկայանան տեղական ինքնակառավարման  ընտրությունները։ Այս ընտրությունները նախորդներից  տարբերվում են մի շարք հանգամանքներով՝  ընտրությունները անցկացվում են աննախադեպ քաղաքական ճգնաժամի ու քաղաքական բախումների, բողոքի չդադարող ցույցերի, ընդիմության մեծամասնության բոյկոտի, տասնյակ քաղբանտարկյալների, միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելության բացակայության, ընդդիմադիր թևի թերի մասնակցության ֆոնին։

2025 թվականի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 17 կուսակցություն։ Նրանցից հինգը կունենան նույն համարները, ինչ նախորդ խորհրդարանական ընտրություններին։ Հաջորդ ՏԻՄ ընտրություններին, ԿԸՀ-ի դիմումի հիման վրա, համարները կպահպանեն «Հայրենասերների դաշինք»-ը, «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, «Գիրչի»-ն և «Վրացական երազանք»-ը։

2025 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններին կուսակցությունները կունենան հետևյալ ընտրական համարները․

#1 — «Հայրենիք, լեզու, հավատ»

#2 — «Դեմոկրատների դաշինք»

#3 — «Կոնսերվատորները Վրաստանի համար»

#4 — «Վրացական միություն»

#5 — «Մեր միավորված Վրաստանը»

#6 — «Երրորդ ճանապարհ»

#7 — «Ազատ Վրաստան»

#8 — «Հայրենասերների դաշինք»

#9 — «Ուժեղ Վրաստան-Լելո»

#10 — «Ձախերի դաշինք»

#11 — «Վրաստան»

#12 — «Կանաչների կուսակցություն»

#13 — «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»

#14 — «Ժողովրդական իշխանություն»

#25 — «Գախարիան Վրաստանի համար»

#36 — «Գիրչի»

#41 — «Վրացական երազանք»։

Ո՞վ կլինի Թբիլիսիի հաջորդ քաղաքապետը

Ավանդաբար մայրաքաղաք Թբիլիսին աչքի է ընկնում ընդիմադիրների հոծ զանգվածներով, ինչը եվս մեկ անգամ փաստեց նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի համաձայն «Վրացական երազանք»-ը մայրաքաղաքում պարտվեց ընդիմադիր կուսակցություններին։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն, «Ուժեղ Վրաստան-Լելո»-ի և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների միասնական թեկնածու Իրակլի Կուպրաձեն և «Գիրչի»-ի թեկնածու Իագո Խվիչիան:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է ամենից շատ քննարկվող թեկնածուների փորձն ամփոփ՝ 

«Վրացական երազանք» — Կախա Կալաձե

«Վրացական երազանք»-ի թեկնածուն է Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն։ Նախկին ֆուտբոլիստ, էներգետիկայի նախարար, փոխվարչապետ և երկու անգամ քաղաքապետ եղած՝ 47-ամյա Կախա Կալաձեին «Վրացական երազանքը» արդեն երրորդ անգամ է առաջադրել մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու։ Կալաձեն «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարն է և կուսակցության ամենաակտիվ խոսնակներից մեկը՝ հայտնի իր կոշտ հայտարարություններով միջազգային գործընկերների, քաղաքական ընդդիմադիրների և լրագրողների հասցեին։

Վերջին շրջանում, «Վրացական երազանքի» այլ առաջնորդների նման, Կալաձեն նույնպես հաճախ է խոսում «գլոբալ պատերազմի կուսակցության» / «դիպ սթեյթի» մասին, ինչը որակվում է որպես դավադրության տեսություն։ Նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն քաղաքականություն է մտել 2012 թվականից՝ այն ժամանակ, երբ Բիձինա Իվանիշվիլին ստեղծեց «Վրացական երազանք» դաշինքը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք»-ն առաջին համարով առաջադրեց Կալաձեին, իսկ 2013 թվականից նա դարձավ կուսակցության գլխավոր քարտուղար։ 2012-2017 թվականներին Կախա Կալաձեն զբաղեցրել է Վրաստանի էներգետիկայի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները։ 2017 թվականին, տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ, նա առաջին անգամ առաջադրվեց մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու։

Կախա Կալաձեի քաղաքապետության երկու ժամկետների հետ է կապված՝ «Ավտոբուսի գծերի» ստեղծումը, որոնցում հասարակական տրանսպորտից բացի շարժվում են նաև սպիտակ տաքսիները՝ համապատասխան լիցենզիայով, ժամային կայանման վճարի սահմանումը, 18 մետրանոց ավտոբուսների ներմուծումը, Բագեբի և Սաբուրթալոյի միացնող ավտոմոբիլային կամրջի բացումը։ 

Չնայած սրան Կալաձեն աչքի է ընկնում իր անկատար խոստումներով։ Օրինակ՝ մինչև 2026 թվականը հետաձգվեց Ռուսթավելի պողոտայի վերակառուցումը, որը նախապես նախատեսված էր 2024-ի վերջի՝և 2025-ի առաջին կեսի համար, հետաձգվեց նաև Վաժա-Փշավելայի պողոտայի վերակառուցումը, որը նախատեսված էր 2020-2021 թթ, չիրականացվեց մակերևութային մետրոյի նախագիծը [Սամգորի-Լիլո], որը պետք է ավարտվեր 2022-ին։ Մարդիկ հաճախ հիշում են քաղաքապետարանի հին, չիրականացած խոստումը՝ Թբիլիսիում ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցման մասին։

Կախա Կալաձեի քաղաքապետի թեկնածիության կարգախոսներից մեկը եղել է «Կյանքով լի քաղաք»-ը, որը ժամանակի ընթացքում ժողովուրդը փոխարինեց «Մահվամբ լի քաղաք»-ով՝ այս քաղաքում մարդկանց ողբերգական մահերի պատճառով։ Սոցիալական ցանցերում քաղաքացիները հիմնականում անդրադառնում են հետևյալ դեպքերին՝ 

  • 2022 թվականին, Վակեի զբոսայգու շատրվանում էլեկտրահարման հետևանքով մահացավ 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին, նախօրեին Կալաձեն հանդիսավոր կերպով բացել էր շատրվանը։

  • 2025 թվականի հունվարի 25-ին «Ռիկղեի այգու» տարածքում 16-ամյա տղա, Իոսեբ Ադեյշվիլին, ընկավ ջրով լցված փոսը։ Քաղաքապետարանը պատասխանատվություն չվերցրրեց իր վրա՝ հայտարարելով, թե ողբերգությունը տեղի է ունեցել մասնավոր տարածքում։
  • 2025 թվականի հուլիսի 14-ին Սադգուրի հրապարակում բազմաբնակարան շենքի ճակատամասը փուլ եկավ, ինչի հետևանքով երկու քաղաքացի զոհվեց։ Քաղաքապետարանը հայտարարեց, որ բնակիչները չէին լքել վթարային տունը։ Տարածքը ցանկապատված չէր։ Առաջին հարկում խանութներ էին գործում։

«Ուժեղ Վրաստան-Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» — միասնական թեկնածու՝ Իրակլի Կուպրաձե

 «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները Թբիլիսիի քաղաքապետի ընդհանուր թեկնածու են ներկայացրել՝ Իրակլի Կուպրաձեին։  Հետաքրքիր է այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջնորդությամբ այս երկու ուժերի միջև դաշինքը չկայացավ։ 

Հասարակությանը Իրակլի Կուպրաձեն առաջին հերթին հիշվում է որպես 2014-2015 թվականների ուսանողական բողոքի ցույցերի ակտիվ մասնակից և «Կանաչ բռունցք» կազմակերպության անդամ, որը ակտիվորեն դեմ էր Սակղդրիսիի պատմական ոսկու հանքի վաճառքին։

Իրակլի Կուպրաձեն ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 30-ին, Բաթումի քաղաքում։ 2012 թվականին նա դարձել է Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող։ 2019 թվականից Կուպրաձեն «Լելո» կուսակցության անդամ է։ Այս կուսակցությունը նա ներկայացրել է 2020 թվականին Աճարիայի Գերագույն խորհրդում։ Ներկայումս հանդիսանում է «Լելո – Ուժեղ Վրաստան»-ի գլխավոր քարտուղարը։    

Նրանց հիմնական լոզունգն է՝ «Ետ վերադարձնենք մեր քաղաքներն ու մեր երկիրը»։ 

«Գիրչի»- Իագո Խվիչիա

 «Նոր քաղաքական կենտրոն – Գիրչի» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի թեկնածու Իագո Խվիչիան։

Խվիչիան քաղաքականության մեջ է 2015 թվականից։ Մինչ այդ նա կարիերա է կառուցել իրավական ոլորտում․ աշխատել է Հանրային ռեեստրի ազգային գործակալության իրավաբանական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում և Թբիլիսիի քաղաքապետարանում որպես իրավաբան։ 2020-2024 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել։

Երեք հիմնական թեկնածուներից բացի, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ևս վեց մարդ։ Սակայն փորձագետները կարծում են, որ այդ թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա ստանալ թբիլիսցիների 5%-ից ավելի աջակցություն։

Նրանց մեծ մասը լայն հասարակության համար անհայտ է, և անգամ սոցիալական ցանցերում նրանց լուսանկարներ գտնելն էլ բարդ է։

Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին կընտրեն մայրաքաղաքի քաղաքապետին և քաղաքային խորհրդի պատգամավորներին։ Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքում ընտրողների թիվը կազմում է 1.035.873 մարդ։

Թբիլիսիի քաղաքային խորհուրդը ամենամեծ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինն է։ Այն բաղկացած է 50 պատգամավորից, որոնցից 25-ը ընտրվելու են կուսակցական ցուցակներով՝ այն կուսակցություններից, որոնք ստացել են քաղաքի բնակչության ձայների 4%-ից ավելի, իսկ մյուս 25-ը՝ մեծամասնական ընտրատարածքներում ձայների մեծամասնությամբ։ Քաղաքային խորհրդի պատգամավոր կարող է դառնալ Վրաստանի այն քաղաքացի, որը 21 տարեկանից մեծ է և ապրում է երկրում առնվազն վեց ամիս։

Ինչ վերաբերում է Թբիլիսիի քաղաքապետին, նա ընտրվում է ուղիղ քվեարկությամբ։ Քաղաքապետի թեկնածու կարող են առաջադրել ինչպես կուսակցությունները, այնպես էլ քաղաքացիների նախաձեռնողական խմբերը։ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն պետք է լինի Վրաստանի քաղաքացի, լինի առնվազն 25 տարեկան և բնակված լինի Վրաստանում ոչ պակաս, քան վեց ամիս։ Նա կհամարվի ընտրված, եթե ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 50%-ը քվեարկի նրա օգտին։

Թբիլիսիում քվեարկելու իրավունք ունեն միայն այն Վրաստանի քաղաքացիները, որոնք 18 տարեկանից մեծ են և գրանցված են կամ փաստացի ապրում են Թբիլիսիում։                          Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 9 թեկնածու։

Հասարակական կարծիքի հետազոտություն-«Գորբի»

Իշխանամետ հեռուստաընկերություն «Իմեդի»-ի պատվերով «Գորբի» ընկերությունը երկրում անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտություն։ Հարցին․ եթե այս շաբաթ տեղի ունենային տեղական ինքնակառավարման ընտրությունները, ո՞ւմ կքվեարկեիք հետևյալ կուսակցություններից և դաշինքներից, Վրաստանի մասշտաբով արդյունքները բաշխվել են այսպես․

  • «Վրացական երազանքին» աջակցում է հարցված քաղաքացիների 66,4%-ը։

  • «Ուժեղ Վրաստան – Լելո»-ին՝ 10,3%։

  • «Գիրչի»-ին՝ 9,3%։

  • «Գախարիան Վրաստանի համար»-ին՝ 8,7%։

  • «Վրաստանի հայրենասերների դաշինքին»՝ 2,2%։

  • Մնացած բոլոր կուսակցություններին միասին՝ 3,1%։

Հարցումն անցկացվել է անհատական հարցազրույցների մեթոդով, սեպտեմբերի 6-25-ն ընկած ժամանակահատվածում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավում, Զուգդիդում, Խաշուրում և Թելավում։ Ընդհանուր առմամբ հարցվել է երկու հազար մարդ։ Սխալի սահմանը երկրի մասշտաբով կազմում է +/- 3%։

Հիշեցնենք, ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։