Տրանսպորտային արտանետումների տուգանքի չափը կհասնի մինչև 3000 լարիի

Այսօրվանից՝ սեպտեմբերի 4-ից, Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններով մեկնարկում է ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումների վերահսկումը։

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ հսկողությունը կիրականացվի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության շարժական բրիգադների կողմից՝ հատուկ գործիքների կիրառմամբ՝ կառավարության որոշմամբ սահմանված նորմերով և կանոններով։

Ըստ տեղեկության՝ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում ֆիզիկական անձն առաջին անգամ կտուգանվի 100 լարիով, խախտումը կրկնելու դեպքում (նույն արարքը կատարվել է առաջին տուգանքից 15 օր հետո)՝ 300 լարի, վերջին տուգանքից 15 օր հետո իրավախախտումը կրկնելու դեպքում՝ 600 լարի։ Իրավաբանական անձն առաջին անգամ կտուգանվի 500 լարիով, երկրորդ խախտման համար՝ 1 500 լարիով, երրորդ խախտման դեպքում՝ 3 000 լարիով։

Եթե ​​տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կկրճատվի 20 տոկոսով։

«Ճանապարհներին ավտոմոբիլների արտանետումներում վնասակար նյութերի բաղադրության հսկողությունը կիրականացվի Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում»,- նշվում է տեղեկատվության մեջ։