Վարչապետը չի պատասխանել հարցին՝ 2008-ին ՌԴ-ի ագրեսիան հրահրվա՞ծ էր, թե՞ ոչ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի պատասխանել այն հարցին, թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ռուսաստանի ագրեսիան հրահրվա՞ծ էր, թե՝ ոչ։ Այս հարցը նրան տվել են Բրատիսլավայում գլոբալ անվտանգության ֆորումում։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ագրեսիան հրահրված չէր, Ղարիբաշվիլին պատասխանել է.

«Չեմ ուզում մանրամասների մասին խոսել այս հարցում, քանի որ մենք ունենք մեր կարծիքը։ Եթե ​​ժամանակին մեր իշխանությունը լիներ, մենք ամեն ինչ կանեինք, որպեսզի խուսափեինք այս պատերազմից: Վրաստանը փոքր երկիր է՝ ընդամենը 4 միլիոն բնակչով. լավ հագեցված է և լավ բանակ ունի, բայց դեռ փոքր երկիր է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է՝ ցանկացած իշխանության շահերից պետք է բխի պատերազմ չսկսելը, հատկապես` երբ փոքր երկիրը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ չէ, չունի անվտանգության երաշխիքներ.

Անվտանգության գլոբալ ֆորումում նա նշել է նաև, որ 2008 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ պետք է կիրառվեին, բայց այդպես չեղավ: Նրա խոսքով, պատերազմն այն ժամանակ բավարար ուշադրության չարժանացավ, և աշխարհը չգնահատեց կատարվածի կործանարարության չափը։