Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ներգրավվել «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ հայցի քննարկմանը

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մասնակցելու ցանկություն է հայտնել  «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վերաբերյալ Եվրոպական դատարան ներկայացված հայցի քննարկմանը։ Հայցը Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան են ներկայացրել ոչ կառավարական և լրատվական կազմակերպությունները։

Եթե ​​Վենետիկի հանձնաժողովը ստանա երրորդ կողմի կարգավիճակով միջամտելու իրավունք, ապա որպես Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմին կկարողանա իր իրավասության շրջանակներում Դատարանին ներկայացնել գործի վերլուծությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքը գրանգել է անցյալ տարվա նոյեմբերի 13-ին։

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ օրենքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել են 16 լրատվական կազմակերպություն, 120 քաղաքացիական հասարակության կազմակերպություն և չորս անհատ։

Բողոքող կողմը նշել է, որ խախտվել են հավաքների և միավորումների ազատության (հոդված 11), խոսքի ազատության (հոդված 10), անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքի (հոդված 8), խտրականության արգելման (հոդված 14), արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի (հոդված 13) և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունքների սահմանափակումների շրջանակը (հոդված 18):

Հիշեցնենք. 2024 թվականի մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը, չնայած լայնածավալ բողոքներին և գործընկերների կոչերին, հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վերաբերյալ։ 

2024 թվականի նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ն դադարեցրեց Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը, իսկ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց նկատմամբ։ 
Օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկել են ոչ կառավարական և մեդիա կազմակերպություններ, հինգերորդ նախագահը և ընդդիմադիր պատգամավորներ։ Անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին կայացված որոշմամբ դատարանը հայցը վարույթ ընդունեց, բայց չկասեցրեց դրա գործողությունը։