«Վիվամեդ» կլինիկայում բանտարկյալ է մահացել

«Վիվամեդ» կլինիկայում մահացել է 46-ամյա կալանավոր Իոսեբ Գորգաձեն. Գլդանիի բանտից նրան տեղափոխել էին ծանր վիճակում։

Փաստաբանը պնդում է, որ Գորգաձեն բանտում դաժանորեն ծեծի և խոշտանգումների է ենթարկվել, և վնասվածքները կյանքի համար վտանգավոր են եղել։ Քրեակատարողական ծառայությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական անփութություն, որի հետևանքով մարդ է մահացել»։

Գորգաձեն մեղադրվում էր Ծալկա գյուղի մոտ գտնվող մայրուղում տեղի ունեցած մահացու վթարի համար։ Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի գիշերը մի տղամարդ մահացու վրաերթի է ենթարկել ճանապարհի եզրին կանգնած չորս մարդու։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ նրանք «Վրացական երազանք»-ի կողմնակիցներ էին և վերադառնում էին Թբիլիսիում իշխող կուսակցության նախընտրական հանրահավաքից։

Գորգաձեն բանտից կլինիկա էր տեղափոխվել հունվարի վերջին։

Գորգաձեների ընտանիքը բողոքի ցույցեր էր անում՝ պահանջելով բացատրություն բանտում կատարվածի վերաբերյալ։ Հարազատների կարծիքով` նրան դաժանորեն ծեծելու պատճառը «քաղաքական վրեժխնդրությունն» է։