Սխալների մասին բացահայտ խոսելու համար քննադատության եմ արժանացել․ Մարգվելաշվիլի

«Իմ նախագահության 5 տարիների ընթացքում «Վրացական երազանք»-ին բաց և անթաքույց ասել եմ թույլ տված բոլոր սխալներ մասին», — այս մասին իր լիազորությունների ավարտին ասել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքով, սակայն այս տարիներին սխալների մասին բացահայտ խոսելու համար քննադատության է արժանացել:

«Այն, ինչ ես համարել եմ քաղաքականապես ճիշտ կամ սխալ քայլ, ես լրատվամիջոցների միջոցով ասել եմ բաց, ինչպես մեր համաքաղաքացիներին, այնպես էլ առաջին հերթին իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք-ին։ Ես ավարտում եմ իմ առաքելությունը: Հիմա թող փորձեն կարդալ այն հաղորդագրությունները, որ նրանց տվել է հանրությունը»,- նշել է Մարգվելաշվիլին:

Հիշեցնենք՝ Գիորգի Մարգվելաշվիլին նախագահի պաշտոնը ստանձնել է «Վրացական երազանք»-ի և մասնավորապես նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ, սակայն Ավլաբարի նախագահական նստավայր (որը կառուցվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին) տեղափոխվելու պատճառով նրանց հարաբերությունները վատթարացել են։