Ուսանողները ԹՊՀ-ից շարժվեցին դեպի Ռուսթավելիի պողոտա

Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքից Ազատության հրապարակի ուղղությամբ ընթանում է ուսանողների բողոքի երթը։ Երթի մասնակիցները ամբողջությամբ փակել են Մելիքիշվիլիի պողոտան։

«Մենք պայքարում ենք հանուն հայրենիքի, նահանջն անհնար է», – ասում են ուսանողները։

Երթին միացել են նաև էմիգրանտները, որոնք հայրենիք են վերադարձել հատուկ այսօրվա ակցիայի համար։

«Մեր ուղերձը հետևյալն է. մենք չենք զիջի Վրաստանը ռուս Բիձինա Իվանիշվիլիին և Կոբախիձեին։ Մենք ցանկանում ենք, որ մեր ապագան լինի ազատ և անկախ։ Վրաստանը չի ռուսականացվի, և Բիձինա Իվանիշվիլին չի կարող երիտասարդ սերնդին իր ճիրանների մեջ պահել։ Պայքարը կլինի մինչև վերջ։ Մեր միակ նպատակը հայրենիքի համար պայքարն է, ուստի այս պայքարում նահանջ չի կարող լինել։ Բիձինա Իվանիշվիլին պետք է մեզանից անակնկալներ սպասի, և այդ անակնկալը կավարտվի հաղթանակով», – հայտարարել է երթի մասնակից Դաթունա Դանելիան։

Հիշեցնենք, այսօրվա ՏԻՄ ընտրությունները Վրաստանում անցնում են ընդդիմադիր դաշտում հակասական մոտեցումների ֆոնին։ Ընդդիմության մի մասը ընտրությունները բոյկոտում է՝ համարելով, որ դրանք չեն ապահովում իրական մրցակցային միջավայր, իսկ մյուս մասը մասնակցությունը դիտարկում է որպես կարևոր և որոշիչ քայլ երկրի քաղաքական ապագայի համար։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո— Ուժեղ Վրաստան»-ը ի սկզբանե ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ համակարգված քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ, երկու խոշոր ընդդիմադիր ուժեր՝ «Միացյալ ազգային շարժումը» և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր դաշտում ունեին զգալի արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները, քանի որ հրաժարվել են մասնակցել ընտրություններին։
Նշենք նաև, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները անց են կացվում առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։