Ուկրաինացիները Վրաստանում առանց վիզայի կարող են մնալ 2 տարի

Վրաստանի կառավարության՝ «Այն երկրների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի» որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ երկրում 2 տարի։

Մինչ այս որոշումը` Վրաստանում առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող ցանկացած երկրի քաղաքացի կարող էր մնալ Վրաստանում 1 տարի. բացառությունը վերաբերում է միայն Ուկրաինային:

Կառավարության նոր որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 24-ից։

Ի դեպ, այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի, ներառում է 95 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը։

Մինչ այս փոփոխությունը` Վրաստանը վիզային համաձայնագիր ուներ Ուկրաինայի հետ, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիները կարող էին Վրաստանում առանց վիզայի մնալ 365 օր։