Ուսանողները չեն դադարեցնում բողոքի ալիքը «գործակալների մասին օրենքի» դեմ

Այսօր՝ ապրիլի 18-ին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, խորհրդարանի մոտ մեծամասշտաբ բողոքի ակցիա տեղի չունեցավ: Խոսքն անցած 3 օրերի ընթացքում ժամը 19:00-ից մեկնարկող «գործակալների մասին օրենքի» դեմ ակցիաների մասին է, սակայն այսօր էլ նույն ժամին՝ 19:00-ին ուսանողները խորհրդարանի հարակից տարածքից երթով շարժվել են դեպի կառավարության վարչակազմի շենք։

Ուսանողների կարծիքով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որ նաև Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, պարտավոր է լսել ԹՊՀ համալսարանի ուսանողների ձայնը։

Երթի ընթացքում ուսանողները վանկարկել են՝ «Ո՛չ ռուսական օրենքին»։

Հիշեցնենք՝ խորհրդարանը «ռուսական օրենքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին: Վրաստանի խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝  «գործակալների մասին օրենքի» 3-րդ եզրափակիչ լսումների հաշվարկային օրը մայիսի 17-ն է:

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։