Ոմանք ընկերների և թշնամու միջև հավասարության նշան են դնում. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 29-ին Վրաստանի քաղաքացի Ռամազ Բեղելուրիի ապօրինի առևանգմանը:

«Այսպես կոչված՝ միաստվածներն ու իբր արժեքների պաշտպանները, ո՛չ հարությունը գիտեն, ո՛չ գերեզմանը, ո՛չ ընտանիքը, և ընդհանրապես՝ չգիտեն հայրենիքը և չգիտեն՝ ո՛չ նրա իսկական սահմանները, ոչ էլ` սեփական և հարևանի հողերի միջև տարբերությունը… Եվ, չնայած այս ամենին, ոմանք (հավանաբար՝ նկատի ունի Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներին — հեղ.) ընկերների և թշնամու միջև հավասարության նշան են դնում»,- գրել է նախագահը:

Բեղելուրին արդեն հինգերորդ անգամ է անօրինական կալանքի տակ: Ըստ տեղեկությունների՝ Բեղելուրիին օկուպանտները ձերբակալել են այն պահին, երբ նա հարդարում էր օկուպացիոն գծի մոտ գտնվող մահացած եղբոր գերեզմանը։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Վրաստանի քաղաքացու առևանգման մասին լուրը տարածել էր ապրիլի 29-ին՝ չնշելով անունը: Նա առևանգվել էր Դիսևի գյուղի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի — հեղ.) մերձակայքից:

Ի դեպ, այս պահին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի բանտում և մեկուսարանում կա Վրաստանի 8 քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված՝ սահմանը խախտելու համար։