Որևէ մեկին թույլ չենք տա շոու բեմադրել. Կոբախիձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ որևէ մեկին թույլ չի տրվի «շոու բեմադրել» Վրաստանի սահմաններից ներս։

Հարցին, թե արդյո՞ք ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ կապված միջադեպը բացասական հետք կթողնի վրաց-ուկրաինական հարաբերությունների վրա, Կոբախիձեն պատասխանել է, որ երկու երկրների միջև հարաբերություններում միակ խոչընդոտը Միխեիլ Սաակաշվիլիի գործոնն է։

«Մարդիկ կան, որ օգտվելով իրավիճակից փորձում են շոու բեմադրել, բայց վստահեցնում եմ, որ Սահակաշվիլին հոկտեմբերի 30-ից հետո ընդհանրապես կվերանա բոլոր օրակարգերից։ Ուստի այդպիսով հոդս կցնդեն նաև բոլոր անհարմարությունները, որոնք եղել են Վրաստանի և Ուկրաինայի միջև»։

Նա նշել է, որ ուկրաինացի լրագրողի, ինչպես նաև Ուկրաինայից մի խումբ անձանց մուտքը Վրաստան արգելելու հետ կապված հարցը համապատասխան գերատեսչությունների տիրույթում է․ «նույնը կարող է պատահել Վրաստանի քաղաքացիների հետ Ուկրաինայում, Գերմանիայի քաղաքացիների հետ՝ ԱՄՆ-ում և այլն։ Չեմ կարող բացատրել, թե ինչու տվյալ անձանց թույլ չի տրվել մուտք գործել Վրաստան»։

Ըստ տեղեկությունների՝ Դիմիտրի Գորդոնից բացի Վրաստան մուտք գործել թույլ չեն տվել նաև Գորդոնի կնոջը՝ Ալիսիա Բացմանին, Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակի ղեկավար Մարիա Բարաբասումին և նրա տեղակալ Եվգենի Սուշենկոյին։ ՆԳՆ-ը դեռևս չի պարզաբանում հիշյալ անձանց Վրաստան մուտքն արգելելու պատճառը։

Գորդոնը փաստը կապել է այն բանի հետ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավի բանտում կազմակերպելու իր հանդիպումը Միխեիլ Սահակաշվիլիի հետ։ 

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր