Որոշ դեղատներ արհեստականորեն բարձրացրել են թուրքական դեղերի գները

Վրաստանի առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտարարություն է տարածել, ըստ որի` դեղամիջոցների համար սահմանված գների ներդրումից հետո առանձին դեղագործական ընկերություններում նկատվել են անազնիվ գործողություններ։

ԱՆ-ի տվյալներով՝ որոշ ընկերություններ արհեստականորեն բարձրացրել են Թուրքիայից ներկրվող դեղերի գները և հավասարեցրել եվրոպական տարբեր երկրներից ներկրվող համանուն դեղերի արժեքին:

«Նախնական գնահատմամբ՝ գների միաժամանակյա բարձրացման գործընթացում կարող են լինել անարդար պայմանավորվածություններ կամ գերիշխող դիրքի անպատշաճ օգտագործման փաստեր. այդպիսով, ոլորտում առավելագույն շահույթ ապահովելու համար տուժում են քաղաքացիները։ Ազգային մրցակցության գործակալությունը պատրաստ է ներգրավվել հետաքննության գործընթացում: Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով քաղաքացիների շահերը, հայտնաբերված խախտումներին խստորեն կպատասխանի», — հայտնել են ԱՆ-ից:

ԱՆ-ի փոխանցմամբ՝ թուրքական դեղագործական շուկայի բացման հետ մեկտեղ, Թուրքիայից դեղեր են ներմուծվել պարզեցված ռեժիմով, ինչը զգալիորեն նվազեցրել է դեղերի գինը Վրաստանում։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ Թուրքիայից ներկրվող դեղամիջոցները շատ ավելի էժան են՝ համեմատած եվրոպական դեղամիջոցների հետ.

«Համապատասխանաբար, դեղագործական ընկերությունների կողմից թուրքական դեղերի գնի արհեստական ​​բարձրացումն անընդունելի է Առողջապահության նախարարության համար, քանի որ դա հակասում է պետության հայտարարած նպատակին՝ դեղերի արդար գնի սահմանմամբ քաղաքացիների համար դեղերի հասանելիությունը ապահովել»: