Վրաստանի արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հայտարարել է այսօրվանից սկսած քաղաքացիների որոշակի կատեգորիաներին զեղչված գնով էլեկտրոնային նույնականացման քարտեր (ID քարտ) տրամադրելու մասին, որը կտևի մինչև սեպտեմբերի 5-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ փաստաթուղթը կտրամադրվի կես գնով 10-րդ աշխատանքային օրը, իսկ փաստաթղթի համար անհրաժեշտ լուսանկարը կլինի անվճար։
Ըստ Ծառայությունների զարգացման գործակալության՝ այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր և բարելավել ընտրողների ցուցակները։
Զեղչի հնարավորությունից կարող են օգտվել հետևյալ անձինք.
- չափահաս քաղաքացիներ, որոնք երբեք չեն ստացել էլեկտրոնային նույնականացման քարտ,
- չափահաս քաղաքացիներ, որոնց էլեկտրոնային նույնականացման քարտը չեղարկվել է ժամկետանց լինելու պատճառով կամ կչեղարկվի մինչև այս տարվա հոկտեմբերի 5-ը, և չունեն վավեր կենսաչափական անձնագիր,
- քաղաքացիներ, որոնք մինչև հոկտեմբերի 5-ը կդառնան 18 տարեկան և որոնց էլեկտրոնային նույնականացման քարտը չեղարկվել է ժամկետանց լինելու պատճառով կամ կչեղարկվի մինչև հոկտեմբերի 5-ը, և չունեն վավեր կենսաչափական անձնագիր,
- քաղաքացիներ, որոնք մինչև հոկտեմբերի 5-ը կդառնան 18 տարեկան և չեն ստացել էլեկտրոնային նույնականացման քարտ։
Նույնականացման քարտի համար դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային գրասենյակներին, Արդարադատության տան մասնաճյուղերին և արդարադատության շարժական տներին: