Քվեմո Քարթլիի նահանգապետը և ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում մտքեր են փոխանակել հայ-վրացական համագործակցության շուրջ՝ դրական  գնահատելով երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները։

«Վրաստանի և Հայաստանի միջև 1992 թվականի հուլիսի 17-ից հաստատված դիվանագիտական ​​հարաբերությունները հիմնված են բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքների վրա», — հայտնում է Քվեմո Քարթլիի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների անդամներ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Շալվա Պապուաշվիլին և Ալեն Սիմոնյանը, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, հայ և վրաց հոգևորականներ։