Թբիլիսիում սողանքի վտանգ կա. Լուսանկարներ, տեսանյութ

Թբիլիսիում ՝ Վաշլիջվարիի շրջանում, սողանքի վտանգ է առաջացել: Սոցցանցերում  անօդաչու սարքից արված լուսանկարներ են պտտվում, որոնցում երևում է ճանապարհի վերևի հատվածում բլրի խորը ճաքեր:

Թբիլիսիի քաղաքապետարանն իր հայտարարության մեջ խոստովանում է, որ վերջին տարիներին Մուխրան Մաճավարանիի փողոցում և մոտակա լանջին ձեռնարկված «որոշակի գործողությունների պատճառով սողանքի վտանգը սրվել է»:

Նշված բլրի տակ Նուցուբիձե-Լիսի_Վաշլիջվարի ճանապարհն է, որի շինարարությամբ վերջին տարիներին զբաղվում է քաղաքապետարանը:

Քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ «քաղաքային իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ՝ հնարավորինս շուտ պաշտպանելու մարդկանց անվտանգությունը և կանխելու Սաբուրթալոյի շրջանի Մաճավարիանի փողոցի սողանքը»:

Տեղեկացվել է  նաեւ, որ սողանքի գոտին ուսումնասիրում են  համապատասխան ստորաբաժանումների մասնագետները:

Դրոնով արված լուսանկարներում երևում է, որ անվտանգության աշխատանքներ տարվել են. լանջը, որի վրա առաջացել են ճեղքերը, ցանկապատվել է բետոնե բարձր պատերով, իսկ լանջին մետաղական ցանցեր տեղադրվել:

 Սոցցանցերում ակտիվորեն քննարկում են իրավիճակը: Շատ օգտատերեր վերհիշել են 2015-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը, երբ ուժեղ ջրհեղեղի հետևանքով 22 մարդ մահացավ, տուժեց վտանգի էպիկենտրոնում հայտնված Թբիլիսիի կենդանաբանական այգին: Ջրհեղեղի պատճառ էր դարձել հսկա սողանքն ու Վերե գետակի հունից դուրս գալը:

Քննարկումների ընթացքում նաև վարկած է առաջ քաշվել, որ ճաքերը կարող էին առաջանալ ոչ միայն ճանապարհի կառուցման պատճառով, այլև ջրատարի անցկացման պատճառով, որն ապահովում է մայրաքաղաքի կենտրոնական` Վակե և Սաբուրթալո թաղամասերի ջրամատակարարումը:

Հատկանշական է նաև, որ սողանքի գոտուց ոչ հեռու նաև «Թի-Բի-Սի» բանկի նոր գլխամասային մասնաճյուղն է կառուցվում: Դեռ հայտնի չէ, թե պոտենցիալ վտանգավոր գոտուն մոտ լինելն ինչպես է ազդելու այս ծրագրի հեռանկարների վրա:

Լուսանկարները` on.ge-ից

Տեսանյութի հեղինակ` Լաշա Սուխիշվիլի