Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր՝ հունվարի 7-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում այսօր սուրբ պատարագ է մատուցվել։

Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն):

Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը, մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ: Այս ավանդույթը նախաձեռնել է Վրաստանի պատրիարքը:

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված համաճարակին՝ Վրաստանի եկեղեցիներում Սուրբ Ծնունդը անցկացվել է մարդաշատ միջավայրում: Հարկ է նշել, որ Սուրբ Ծննդյան պատարագի պատճառով Վրաստանի կառավարությունը միայն Վրաց ուղղափառ եկեղեցուն էր արտոնություն տվել գործելու նաև հունվարի 6-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 7-ի 05:00-ն՝ չեղարկելով երկրի ողջ տարածքում սահմանված տեղաշարժի արգելքը: