«Վրացական երազանք»-ը խստացնում է վնասի փոխհատուցման մասին օրենքը

«Վրացական երազանք»-ի սեպտեմբերին ընդունած օրենքը, որը վերաբերում է վնասի փոխհատուցմանը, խստացվում է։

Փոփոխություններ են ներառվում Քրեական դատավարության օրենսգրքի «Վրաստանի քաղաքացիների՝ Վրաստանից ելքի և Վրաստան մուտքի կանոնների մասին» օրենքում, «Հանցագործությունների կանխարգելման, կալանք չպահանջող պատիժների իրականացման կարգի և փորձաշրջանի մասին» և «Կատարողական վարույթների մասին» օրենքներում։

Փոփոխությունների համաձայն, մի շարք ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց կարգելվի երկիրը լքել, քանի դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցել վնասը։ Այսինքն, չեղարկվում է նման արգելքի հետ կապված վերին շեմը, որը սահմանված էր Վրաստանից դուրս գալու 16 տարվա արգելքով։

Սեպտեմբերին ընդունված և դեռևս գործող օրենքով, ֆինանսական հանցագործությունների համար դատապարտվածներին արգելվում է Վրաստանից դուրս գալ դատարանի մեղադրական դատավճռով, և երկրից դուրս գալու արգելքը կիրառվում է միայն դատարանի մեղադրական դատավճռի միջոցով։ Իսկ խորհրդարան ներկայացված նոր օրինագծով դատապարտվածին Վրաստանից դուրս գալու արգելքը կսահմանվի առանց դատարանի մեղադրական դատավճռում դրա մասին նշելու։

Տեղեկացնենք, որ խորհրդարանը սեպտեմբերի 3-ին երրորդ ընթերցմամբ ընդունել էր օրենք, որը սահմանափակում էր ֆինանսական և տնտեսական հանցագործությունների համար դատապարտված անձանց Վրաստանը լքելը և արգելում էր երկրից դուրս գալը 16 տարով։

Ըստ օրենքի, դատապարտվածը, որին պարտադրվում է վնասի փոխհատուցում, պարտավոր է կրել էլեկտրոնային ապարանջան, և հնարավոր է` նրանից և նրա ընտանիքի անդամներից առգրավվի գույքը և փոխանցվի տուժողին։

Նույն օրենքով, դատապարտվածին, մինչև վնասի փոխհատուցումը, արգելվում է ունենալ ապրուստի նվազագույնի կրկնակի չափից ավելի գումար։ Նման անձի անվամբ գումար կամ գույք փոխանցելը կդիտվի որպես առանձին հանցագործություն և կպատժվի տուգանքով կամ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։