«Վրացական երազանքը» չեղարկել է Ուկրաինայի հարցով արտահերթ նիստը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրենսդիրին կոչ էր արել անցկացնել այս նիստը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ մեծամասնության ներկայացուցիչ 82 պատգամավորներից ոչ մեկը նիստին չի մասնակցի։ Իսկ ընդդիմադիր 61 պատգամավորները որոշումն ընդունելու համար չեն կարող հավաքել 76 ձայն։

Պապուաշվիլիի խոսքով՝ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության պահանջը ոչ թե Ուկրաինային աջակցելն է, այլ «ուկրաինական հարցի օգտագործումը ներքաղաքական նպատակներով»։

«Ընդդիմության կողմից վերջին օրերի ապատեղեկատվական արշավը իշխանության դեմ, ցույց է տալիս, որ այս նստաշրջանի իրական նպատակը ոչ թե Վրաստանի անվտանգության մասին հոգալն է, Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունների քննարկումը և ուկրաինացի ժողովրդին համերաշխություն հայտնելը, այլ օգտագործել Ուկրաինայի հարցը ներքաղաքական նպատակներով»,- ասել է Շալվա Պապուաշվիլին:

Նշենք, որ արտահերթ նիստը պետք է կայանար այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 12-ին, որին պիտի հրավիրվեր նաև երկրի վարչապետը։ Սակայն, ինչպես հայտարարել է Խորհրդարանական ընթացակարգային հարցերի եւ կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Իրակլի Կադագիշվիլին, վարչապետը չի մասնակցի խորհրդարանի արտահերթ նիստին, քանի որ կանոնակարգը նրան հրավիրելու այլ ընթացակարգ է նախատեսում։

—————————————————————————————————————

Երեկ, փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։

Նշենք նաև, որ օրեր առաջ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։