«Վրացական երազանքում» ԱՄՆ-ի անկարգությունները համեմատել են 2019-ի թբիլիսյան դեպքերի հետ

«Վաշինգտոնի իրադարձությունները հարձակում են ժողովրդավարական ինստիտուտների վրա»,- ասում է  իշխող «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

«Պատկերը, որ տեսանք նախօրեին, մտահոգիչ է, սակայն ԱՄՆ-ն հզոր պետություն է, ու ես վստահ եմ, որ ամեն ինչ կանցնի խաղաղ, ու Ամերիկայի սահմանադրությունը պատշաճ կերպով կպաշտպանվի»։

Վաշինգտոնի իրադարձությունները Կոբախիձեին հիշեցնում են մեկուկես տարի առաջ Թբիլիսիի լարվածությունը։ 2019-ի հունիսին մի քանի հազար մարդ դուրս եկավ կենտրոնական Ռուսթավելի պողոտա, այն բանից հետո, երբ Խորհրդարանի խոսնակի աթոռին նստեց ՌԴ դումայի պատգամավոր, կոմունիստ Գավրիլովը։ Այդ օրը ոստիկանությունն ուժ կիրառեց. արցունքաբեր գազից ու ռետինե փամփուշտներից տուժեց մի քանի հարյուր մարդ` այդ թվում լրագրողներ։ 2 մարդ կորցրեց աչքը, մի քանի տասնյակ մարդ ծանր վիրավորում ստացավ։ Ոստիկանության ոչ իրավաչափ ուժ կիրառելու փաստով  հետաքննություն սկսվեց, սակայն ձերբակալվածներ այդպես էլ չեղան։

Ըստ Կոբախիձեի` այն ժամանակ ևս հարձակում եղավ երկրի ժողովրդավարական ինստիտուտների և իրավապահ մարմինների վրա, իսկ նման գրոհները պետք է արժանի պատասխան գտնեն ցանկացած երկրում։

«ԱՄՆ-ի ժողովրդավարությանը ոչինչ չի սպառնում»,- վստահ է Վրաստանի խորհրդարանի` արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին։ Ըստ նրա` նման գրոհները ամենամեծ քաղաքական և ոչ միայն քաղաքական հանցագործությունն են։ Խելաշվիլին ասում է` դա թույլ տալ չի կարելի, ու լավ է, որ ԱՄՆ-ն ինքը տեսավ ու զգաց դա, այժմ ավելի պարզ կլինի` որտեղ է բռնությունը, իսկ որտեղ՝ դեմոկրատիան։