Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն արագանքել են մայիսի 31-ից ուժի մեջ մտած «վրացական FARA»-ին և դա որակել որպես «լուրջ սպառնալիք վրացական ժողովրդավարությանը» և իշխող «Վրացական երազանք»-ի կողմից այլախոհությունը ճնշելու ևս մեկ ագրեսիվ քայլ։
Նրանց համատեղ հայտարարության մեջ կրկնվում է ԵՄ-ի կոչը «Վրացական երազանք»-ին՝ ուշադրություն դարձնել իր քաղաքացիների հստակ պահանջներին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր լրագրողներին, ակտիվիստներին, բողոքի ակցիայի մասնակիցներին և քաղաքական առաջնորդներին։
«Վրաստանի «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարության համար։ Հեռարձակման և դրամաշնորհների մասին վերջերս ընդունված օրենքների հետ միասին սա վրացական իշխանությունների կողմից ևս մեկ ագրեսիվ քայլ է՝ այլախոհությունը ճնշելու, ազատությունները սահմանափակելու և ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների համար տարածքը էլ ավելի նեղացնելու համար։ Այս ճնշող միջոցառումները սպառնում են Վրաստանի ժողովրդավարական հիմքերի գոյությանը և նրա քաղաքացիների ապագային ազատ և բաց հասարակությունում», — ասված է հայտարարության մեջ։
Նամակում նշված է, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել Վրաստանի ԵՄ անդամակցության ուղուն վերադառնալու հարցը, եթե երկրի իշխանությունները իրական քայլեր ձեռնարկեն ժողովրդավարական նահանջը կանխելու համար: Պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են Վրաստանի իշխանությունները։
Մայիսի 31-ին ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընդունած վիճահարույց «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը («վրացական FARA»-ն), որի կիրառման համար պատասխանատու մարմինը հակակոռուպցիոն բյուրոն է։
Ի տարբերություն ամերիկյան FARA-ի, այս օրենքն ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Օրենքը սահմանում է քրեական հետապնդման մեխանիզմ, մասնավորապես` օրենքը ներառում է գրանցման պահանջ, համապատասխան փաստաթղթերի բացահայտում և տարեկան ֆինանսական հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
Օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելը կամ անպատշաճ կատարելը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով, իսկ իրավաբանական անձի համար՝ տուգանքով։