Նախագահը պատասխանում է իր դեմ ուղղված մեղադրանքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը պատասխանում է «Վրացական երազանքի» մեղադրանքներին, թե նախագահը «խախտում է Սահմանադրությունն ու օրենքը»։ Նախագահի վարչակազմը հայտարարությունն անվանում է զրպարտություն և հայտարարում, որ Վրաստանի նախագահը չի խախտում ոչ սահմանադրությունը, ոչ էլ օրենքը։

Բանն այն է, որ նախագահը հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից զրկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեին։ Նախագահի վարչակազմը հայտարարում է, որ նա պետք է պատժվի որպես Վրաստանի քաղաքացի։

«Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, քանի որ նա չի զրկել նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին քաղաքացիությունից։

Խորհրդարանական մեծամասնության անդամ, «Վրացական երազանքի» պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը «տարօրինակ» է անվանել։

«Վրաստանի նախագահը քաջատեղյակ է այս հարցի իրավական ու բարոյական կողմին։ Նախագահն այս որոշմամբ պետական ​​կառույցներին հնարավորություն է տալիս ողջամիտ ժամկետներում միջոցներ ձեռնարկել և պաշտպանել երկրի հեղինակությունն ու շահերը։ Հատկապես այսօր, երբ որոշվում է Վրաստանի եվրոպական ապագան», — նշված է հաղորդագրության մեջ։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր երկրի համար կարևոր է չեղարկել Ազգային բանկի կողմից ընդունված «ռուսական որոշումը»։ Նրա խոսքերով, Վրաստանը հնարավոր «սև խոռոչի» վերածելը բխում է միայն մեկ երկրի շահերից և ուղղակիորեն հակասում է պետության շահերին և մեր եվրատլանտյան ուղուն։

Այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց, սեպտեմբերի 18-ին Վրաստանում ևս սկսեց գործել միջազգային ֆինանսական պատժամիջոցների կիրառման մեխանիզմը։ Հայտնի դարձավ, որ Ազգային բանկը (ԱԲ) սահմանափակել է Փարցխալաձեի հասանելիությունն իրեն պատկանող բանկային հաշիվներ։

Նախ՝ «Վրացական երազանքի» նախագահը, ապա թիմի մյուս անդամները հակասահմանադրական են գնահատել ԱԲ-ի որոշումը։ Որպես փաստարկ իշխող ուժը ներկայացնում էր Փարցխալաձեի՝ Վրաստանի քաղաքացի լինելը:

Սեպտեմբերի 19-ին ԱԲ-ը բացառիկ հրաման է արձակել, ըստ որի՝ պատժամիջոցների ենթարկված Փարցխալաձեի մուտքը բանկային հաշիվներ կվերականգնվի։

Մասնավորապես, նոր կարգի համաձայն, պատժամիջոցների ենթարկված Վրաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե դատարանը որոշում կայացնի նրանց դեմ։ Ըստ այդմ, պատժամիջոցների տակ հայտնված Փարցխալաձեի նկատմամբ գործարքների սահմանափակումն ուժի մեջ կմտնի, եթե վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչի։

Վրաստանի Ազգային բանկը որոշում է կայացրել, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացու նկատմամբ չեն կարող կիրառվել միջազգային պատժամիջոցներ, եթե Վրաստանի դատարանում համապատասխան գործով նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ չկա։