Վրաստանը չի կիրառի Փարցխալաձեի նկատմամբ ԱՄՆ–ի պատժամիջոցները

Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո Վրաստանի Ազգային բանկը այսօր «բացառություն» է շնորհել, ինչի արդյունքում ԱԲ-ն այլևս չի պարտավորեցնում առևտրային բանկերին պատժամիջոցներ կիրառել Փարցխալաձեի նկատմամբ։

ԱԲ-ը փոփոխությունը բացատրում է նրանով, որ սա առաջին նախադեպն է, երբ նման պատժամիջոցները վերաբերում են Վրաստանի քաղաքացուն։ ԱԲ-ը կրկնում է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի փաստարկները և գրում, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ.

«Վրաստանի Ազգային բանկը, առաջնորդվելով Վրաստանի Սահմանադրությամբ և անմեղության սկզբունքով, կարծում է, որ Վրաստանի քաղաքացու նկատմամբ միջազգային պատժամիջոցներ չեն կարող կիրառվել, քանի դեռ նրա նկատմամբ վրացական դատարանում համապատասխան գործով մեղադրական դատավճիռ չի կայացվել»:

Ի դեպ, փոփոխությունը սեպտեմբերի 19-ին հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։ Փոփոխությունը ստորագրել է ԱԲ նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան։ Ուշագրավ է, որ Թուրնավան ԱԲ նախագահի պարտականությունները սկսել է կատարել այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» մեծամասնությունն ընդունել է ԱԲ նախագահ ընտրելու կարգում օրենսդրական փոփոխությունները, իսկ հետո հաղթահարել այդ փոփոխությունների վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանած վետոն։

Ամերիկայի Միացյալ Նահանգները սեպտեմբերի 14-ին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։

Անկախ սահմանադրագետներն ասում են, որ միջազգային ֆինանսական պատժամիջոցները չեն հակասում երկրի սահմանադրությանը, ինչպես նաև դրանց կատարումը չի խախտում անմեղության կանխավարկածը։

Ֆինանսական և բանկային փորձագետները նշել են, որ, եթե ԱԲ-ը  չկիրառի պատժամիջոցները, դա կվտանգի ամբողջ երկրի ֆինանսական բարեկեցությունը։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Թուրնավայի հրամանը, ԱԲ նախկին նախագահ, ընդդիմադիր խորհրդարանական Ռոման Գոցիրիձեն ասաց՝ այս որոշումը Վրաստանի ֆինանսական հատվածը դնում է «ամենամեծ ռիսկի տակ»։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «վրաց-ռուս օլիգարխ» Օթար Փարցխալաձեի նկատմամբ