Երեկվա օրը համառոտ. մարտի 22

Մարտի 22-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 643 295-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 053 նոր դեպք: Վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 16 678:

Կորոնավիրուսի նվազման տեմպով պայմանավորված՝ Վրաստանում մի շարք սահմանափակումներ կվերացվեն։ 

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ վերացվում է բաց տարածքում դիմակ կրելու պարտավորությունը։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը մոտենում է ավարտին։ Ինչպես նշել է նախարարը, զգալիորեն նվազել են հոսպիտալացման դեպքերը, օրական վարակվածության մակարդակը և մահացությունը։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը կշարունակվի նաև ապրիլ ամսվա ընթացքում: Նշվում է, որ 50 և բարձր տարիքի Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել միանվագ 200 լարիի (մոտ 58 դոլար) խրախուսական ծրագրից պատվաստման առաջին չափաբաժինը ստանալուց հետո։

«Ալիք Մեդիան» ներկայացնում է այն սահմանափակումները, որոնց վերացման մասին այսօր հայտարարել է կառավարությունը։

Կորոնավիրուսը բուժող Paxlovid դեղամիջոցի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանում է։ Դեղամիջոցն անվճար կտրվի վիրուսով վարակված այն անձանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ ծանր են տանում հիվանդության ընթացքը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ նոր հետազոտության նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչության մոտ 85 տոկոսը կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ (դիմադրողականություն) է ձեռք բերել:

Վրաստանի հանրային առողջության պահպանման կենտրոնը Ախալքալաքի մունիցիպալիտետում հակամարմինների, ՁԻԱՀ-ի և հեպատիտ C-ի անվճար թեստավորման ակցիա է անցկացնում։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էվելին Ֆարկասը կարծում է, որ եթե Ուկրաինան պարտվի, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշրջվի Վրաստանի և Մոլդովայի դեմ:

«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցաւթյան առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումից առաջ լավ կլիներ անվտանգության նոր միջավայրի ստեղծումը։ Վաշաձեի խոսքով՝ հիմա Ուկրաինայի հետ քննարկումները հենց անվտանգային նոր երաշխիքների ստեղծմանն է միտված և սխալ է այն եզրակացությունը, թե Կիևը պատրասվում է ապառազամականցվել կամ չեզոքություն հայտարարել։

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել  է, որ Վրաստանը չի սկսել և չի սկսի խոսել չեզոքության մասին, քանի որ երկիրը մեծ էներգիա և մարդկային կյանք է ներդրել միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար։ Վոլսկիի խոսքով՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը, պետք է լուծվեն գործընկերների հետ միասին։ 

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների բիզնեսի գրանցումը նորմալ է և որևէ խնդիր չի կարող առաջացնել։

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կառավարությունը մի քանի շաբաթ ուշացումով արձագանքել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի երեք օս պաշտոնյաների ձերբակալության օրդերի մասին որոշմանը։ Ըստ օսական կողմի՝ հենց այն պաշտոնյաները, որոնց կալանավորելու հրահանգ կա՝ ռազմական գործողությունների ընթացքում ապահովել են ռազմագերիների և խաղաղ բնակիչների անվտանգ տեղափոխումը վրացական կողմին։ 

Վրաստանի ֆինանսների նախարարության գանձապետարանը հրապարակել է 2022 թվականի բյուջեի երկամսյա կատարման հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին բյուջե է մուտքագրվել 2,2 մլրդ լարի հարկ, ինչը կազմում է առաջին եռամսյակի պլանի 60 տոկոսը։ Հարկային կատարողականի բաշխվածությունը մանրամասն՝ այստեղ։

Վրաստանում սովորող հայ ուսանողների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվան ուղղված։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է։

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նոր ղեկավար Ալեքսանդր Վինիկովի հետ։ Հանդիպման հիմնական թեման են եղել ՆԱՏՕ-Վրաստան հաջող համագործակցությունը, հյուսիսատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած առաջընթացը և այդ ուղղությամբ իրականացվող և շարունակվող բարեփոխումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության միջավայրին և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններին։ 

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Վրաստանի կառավարության տվյալներով՝ խոսակցության հիմնական թեմաներն են եղել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները։ 

Ըստ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ռուսաստանը կարող է նույն «հնարքներն» իրականացնել Ուկրաինայի դեմ՝ սեփական առավելություն ստանալու համար, ինչ 2008 թվականին՝ Վրաստանի դեմ: Դա ապացուցելու համար Սաակաշվիլին հիշել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմը։ 

Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպանատան շենքի դիմաց իրենց հակապուտինյան շարժման անդամներ համարող և Վրաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները ցույց են անցկացրել՝ ի համերաշխություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի։ Նավալնին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 

Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբխազիայի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողները լեռնային հատվածներում և դժվարանցանելի ճանապարհներին ռազմական մեքենաների հատուկ դասընթացներ են անցնում։ Ըստ աբխազական լրատվամիջոցների, զորավարժություններին ներգրավված է ավելի քան 400 զինվորական։ Աբխազիայի տարածքում տեղակայված ռուսական զորամիավորումները վերջին տարիներին պարբերաբար զորավարժություններ են անցկացնում։ 

Եվ վերջում՝ մարտի 22-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,29 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,2219 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,23 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5576 լարի։