Առողջապահության նախարար. համավարակը մոտենում է ավարտին

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը մոտենում է ավարտին։ Այս մասին նախարարն ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Ինչպես նշել է նախարարը, զգալիորեն նվազել են հոսպիտալացման դեպքերը, օրական վարակվածության մակարդակը և մահացությունը։

«Դրական միտումով պայմանավորված՝ համավարակը մոտենում է ավարտին։ Մենք այսօր հանել ենք բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունը: Երկուշաբթի օրվանից բաց տարածքներում դիմակ կրելու կարիք չի լինի։ Մնացել են մի քանի սահմանափակումներ՝ սոցիալական հեռավորության պահպանումը փակ տարածքներում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու սահմանափակումները։ Մենք իսկապես մոտենում ենք համավարակի ավարտին, քանի որ զգալիորեն կրճատվել է հոսպիտալացման մակարդակը, ինչպես նաև կրճատվել են ամենօրյա վարակների դեպքերը։ Այսօր հոսպիտալացված անձանց թիվը 800-ից քիչ է։ Մահացությունը նույնպես զգալիորեն կրճատվել է, վերջին մեկ տարում առաջին անգամ ամենաքիչ տվյալն է գրանցվել՝ 7 դեպք»,- ասել է Ազարաշվիլին։