Ցխինվալին արձագանքել է Հաագայի դատախազի որոշմանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի կառավարությունը մի քանի շաբաթ ուշացումով արձագանքել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի երեք օս պաշտոնյաների ձերբակալության օրդերի մասին որոշմանը։ 

«Հարավային Օսիայի իշխանությունները բացառում են համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ, որը հետաքննում է 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները՝ բացարձակ քաղաքական ներգրավվածությամբ», — ասված է օսական կողմի տարածած հայտարարության մեջ։ 

Ըստ օսական կողմի՝ հենց այն պաշտոնյաները, որոնց կալանավորելու հրահանգ կա՝ ռազմական գործողությունների ընթացքում ապահովել են ռազմագերիների և խաղաղ բնակիչների անվտանգ տեղափոխումը վրացական կողմին։ 

Նրանք նաև զարմանք են հայտնել, որ միջազգային քրեական դատարանը դատավարական գործողություններ չի ձեռնարկում վրացի զինվորականների և պաշտոնյաների նկատմամբ. 

«Միջազգային հարաբերությունների լուրջ ճգնաժամի պայմաններում դատարանը, կարծես թե, որոշել է վերակենդանանալ և նպաստել եվրոպական արդարադատության վերջնական վարկաբեկմանը»։ 

Հիշեցնենք՝ 2022 թվականի մարտի 10-ին Հաագայի դատարանը օգոստոսյան պատերազմի հետ կապված երեք օս պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել։ Դատախազ Քարիմ Խանի խոսքով՝ ողջամիտ հիմքեր կան նրանց մեղավոր ճանաչել 2008 թվականի օգոստոսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ռազմական հանցագործությունների մեջ։