Հաագայի դատարանը երեք օս պաշտոնյաների ձերբակալելու օրդեր է տվել

Հաագայի դատարանը օգոստոսյան պատերազմի հետ կապված երեք օս պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել։

Դատախազ Քարիմ Խանի խոսքով՝ ողջամիտ հիմքեր կան նրանց մեղավոր ճանաչել 2008 թվականի օգոստոսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ռազմական հանցագործությունների մեջ։ Ձերբակալման օրդեր է տրվել հետևալ անձանց՝

  • Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մինձաև՝ Հարավային Օսիայի դե ֆակտո վարչակազմի ներքին գործերի նախարարն է եղել 2005-ից մինչև 2008 թվականի հոկտեմբերի 31-ը,
  • Գամլետ Գուչմազով՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի դե ֆակտո ՆԳՆ նախնական կալանքի պետ,
  • Դավիթ Սանակոև՝ Հարավային Օսիայի նախագահի մարդու իրավունքների դե ֆակտո ներկայացուցիչ, ով նաև օգոստոսյան պատերազմի ժամանակ հայտնի էր որպես «Օմբուդսմեն»։

Դատախազի խոսքով՝ նշված անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են՝ ապօրինի կալանավորումը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը, անձնական արժանապատվությունը ոտնահարելը, պատանդ վերցնելը և ապօրինի տեղափոխումը։

Ըստ դատախազի՝ հետաքննությամբ պարզվել է նաև ՌԴ ԶՈւ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովի ենթադրյալ հանցագործությունը, ով օգոստոսյան պատերազմի ժամանակ եղել է օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալը։ Նրա խոսքով՝ Բորիսովը մահացել է։

Դատախազը նշել է, որ Բորիսովը «դիտավորյալ է նպաստել այդ հանցագործություններից մի քանիսի կատարմանը»։

Դատախազը, բացի այդ, զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հետ՝ նշելով, որ իրավիճակի նախնական ստուգման ժամանակ նմանատիպ գործողությունների օրինակներ են բացահայտվել նաև Ուկրաինայում։

«Ես խորապես անհանգստացած եմ Ուկրաինայում այսօր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հանցագործության մասին շարունակվող դեպքերով»,- ասել է դատախազը։