Ի պատասխան ժողովրդի մտահոգությունների. Վիրահայոց թեմն արձագանքել է Սբ․ Նշան եկեղեցու հարցին

Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը նախօրեին հայտարարություն է տարածել Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու բակում տարվող աշխատանքների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ.

«Տեղեկանալով այն մասին, որ Թբիլիսիի հայոց Սբ. Նշան եկեղեցու բակում Կրծանիսի վարչական շրջանի կողմից տարվող կոմունիկացիոն ցանցի աշխատանքների հետևանքով իբր հանված գերեզմանաքարերը հայտնվել են աղբակույտում, Վիրահայոց թեմի աշխատակիցները Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ ներկայացան եկեղեցու մոտ:

Ի պատասխան ժողովրդի մտահոգություններին՝ կապված Սբ. Նշան եկեղեցու մոտ տարվող աշխատանքների, տեղեկացնում ենք, որ գերեզմանաքարերը տեղաշարժված չեն, սովորականի նման գտնվում են իրենց տեղում, աղբը ամբողջությամբ հեռացված է եկեղեցու տարածքից, տարվում են սալիկապատման աշխատանքներ:
Հարակից տարածքում աղբակույտի մեջ հայտնվել են միայն զանգակատան հիմքի սալաքարերը:

Տեղում մեզ հանդիպեցին մաքրման-բարեկարգման աշխատանքներն իրականացնող ՍՊԸ «Ջեորեսետի» աշխատակիցները: Նրանք հայտնեցին, որ իրենք հրահանգ ունեն պատկան մարմիններից գերեզմանաքարերը չտեղաշարժելու և եկեղեցու շինությանը չկպչելու մասին:
Շինարարները խոստացան վաղը մինչև ժամը 12-ը հեռացնել աղբակույտը և սալաքարերը տեղադրել եկեղեցու բակում:

Հավելենք, որ Թեմի ներկայացուցիչերի այցից հետո, Սբ. Նշան եկեղեցի են այցելել Հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչները և կարգադրել են կանգնեցնել բոլոր աշխատանքները: Գործակալությունից հայտնել են, որ ձեռնարկած միջոցների մասին կտեղեկացնեն Թեմին:

Վիրահայոց թեմը բարձր է գնահատում է ժողովրդի վերաբերմունքը իր հոգևոր արժեքների նկատմամբ և իշխանության համապատասխան մարմինների արագ արձագանքը: Տեղեկացնում ենք, որ թեմը ուշադիր և հետևողական է իր սրբավայրերի պահպանության համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, նախօրեին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր տվյալ հարցին, զրուցել էր եկեղեցու հարակից տարածքում բնակվող քաղաքացիների հետ:Կից ներկայացնում ենք տեսանյութը: