Մանկապարտեզներում և դպրոցներում աշխատավարձը կբարձրանա

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2023 թվականին կրթության և գիտության վրա կծախսվի 2,5 մլրդ լարի։

Ըստ Խուցիշվիլիի՝ կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումը հաջորդ տարի կավելանա 370 մլն լարիով:

  • նախադպրոցական կրթության ֆինանսավորումը կկազմի 490 մլն լարի. նախատեսված է մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերի 100 լարիով բարձրացում,
  • հանրակրթության ֆինանսավորումը կկազմի 1 մլրդ 655 մլն լարի, որի շրջանակներում կիրականացվեն հետևյալը.
  • կարգավիճակ ունեցող ուսուցիչների, ինչպես նաև հատուկ ուսուցչի աշխատավարձի ավելացում 125 լարիով,
  • դպրոցների վարչատեխնիկական անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում,
  • դպրոցի անձնակազմի աշխատավարձերի բարձրացում 125 լարիով,
  • դպրոցական հոգեբանների և սոցիալական աշխատողների աշխատավարձի 10 տոկոս բարձրացում,
  • նախատեսվում է նաև դպրոցների ուսուցիչների ծննդաբերության արձակուրդի 6 ամսվա ֆինանսավորում:

Խուցիշվիլին նշել է, որ բյուջեի նախագծով կսկսվի 500 դպրոցի կառուցումն ու վերականգնումը, որի համար 2023 թվականին նախատեսված է 300 մլն լարի։